ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դավիթ Գալստյանը` քավության նոխա՞զ, քաղաքական մանիպուլյացիաների, թե՞ բիզնես շահերի զոհ. Ի՞նչ են բացահայտում փաստաբանները

Դավիթ Գալստյանը` քավության նոխա՞զ, քաղաքական մանիպուլյացիաների, թե՞ բիզնես շահերի զոհ. Ի՞նչ են բացահայտում փաստաբանները

Հետպատերազմյան Հայաստանի և Արցախի հանրային-քաղաքական օրակարգի ամենա առանցքային թեմաներից մեկը` պատերազմի շրջանում զենքի մատակարարման գործընթացն է: Այս թեմայի շուրջ կան բազմաթիվ հարցեր, մութ և անհասկանալի կետեր, տարատեսակ առասպելներ, ինչպես նաև քաղաքական խարդավանքներ և լուրջ բիզնես շահեր: Թերևս, այս թեմաներին մենք ավանդույթի համաձայն կանդրադառնանք մեր առաջիկա լրագրողական հետաքննություններում: Իսկ մինչ այդ փորձենք հասկանալ ինչ գործընթացներ են ծավալվում հետպատերազմյան շրջանի թերևս ամենա աղմկոտ գործի շուրջ, որում որպես մեղադրյալ է անցնում զենքի առևտրով զբաղվող Դավիթ Գալստյանը, ով հանրային շրջանում առավել հայտնի է Պատրոն Դավիթ մականվամբ: Թեմայի շուրջ InfoPort.am-ի հետ զրույցում աղմկալի բացահայտումներ է արել Գալստյանի պաշտպանական թիմի անդամ Արմեն Անդրիկյանը:

Պ-ն Անդրիկյան, Դավիթ Գալստյանը Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործով մեղադրվում է խարդախության մեջ, մասնավորապես չեխական արտադրության 1986 թվի հրանոթների կրակոցների փոխարեն 1977 թվի նմուշներ մատակարարելու մեջ: Գործը փետրվար ամսից գտնվում է դատական ատյաններում, իսկ Գալստյանը` կալանավայրում, որևէ նորություն, առաջընթաց այս ամիսների ընթացքում գործի շրջանակներում եղե՞լ է:  

Պետք է նշեմ, որ գործով կալանավորված է ոչ միայն Գալստյանը, այլև նրա մորեղբոր որդին` Արմեն Բաղդասարյանը, որը Գալստյանին պատկանող ընկերություններից մեկի տնօրենն է: Շուրջ երեք ամիս է նրանք կալանքի տակ են, շուրջ երեք ամիս է մենք գտնվում ենք ինտենսիվ դատական գործընթացներում, ունենք տասնմեկ դատական ակտ, սակայն բուն գործում ոչ մի առաջընթաց: Չնայած մեր կողմից բերված անառարկելի փաստարկներին, մեղադրական հիմքերի իսպառ բացակայությունը ապացուցող հիմնավոր տվյալներին, դատական ատյաններում այս ընթացքում մեզ չհաջողվեց հասնել արդարադատության: Գործը քննող առաջին ատյանի դատավորները` Բաղդասարյանի մասով Մակեյանը, Գալստյանի մասով Մնացական Մարտիրոսյանը, փաստացի «նշանակված էին» ԱԱԾ կողմից: Նրանք գրեթե հետաքրքրություն չէին ցուցաբերում գործի բուն նյութերի նկատմամբ, առհասարակ ուշադրության չէին արժանացնում մեր կողմից բերված անառարկելի փաստարկները, իսկ վերջում դատավճռում զուտ մեկ տողով նշում էին մեղադրող կողմի դիրքորոշման հիմնավոր լինելը, առանց անդրադառնալու կողմերի փաստարկներին:

Զավեշտը կայանում է նրանում, որ շուրջ մի քանի ժամ տևած դատական նիստից հետո դատավորը վճիռը կայացրեց ընդամենը հինգ րոպեում: Սա ուղղակի վիրավորական վերաբերմունք է ոչ միայն մեր, այլև արդարադատության հանդեպ:

Դուք նշեցիք, որ դատավորները փաստացի «նշանակված էին» ԱԱԾ կողմից: Կպարզաբանեք, ի՞նչ նկատի ունեք: 

Մեր ուսումնասիրությունների ընթացքում մենք պարզեցինք, որ այս գործը քննելու համար ԱԱԾ-ի կողմից թույլտվություն են ստացել հենց այս երկու դատավորները: Այսինքն դատավորները չեն ընտրվել համակարգչային եղանակով, պատահականության սկզբունքով: Մեր հարցումներին ի պատասխան Բարձրագույն դատական խորհրդից հայտնեցին, որ հաշվի առնելով գործի գաղտնիությունը, ԱԱԾ-ն հենց այս երկու դատավորներին է թույլատրել ուսումնասիրել այն: Փաստացի այս կերպ ԱԱԾ-ն անմիջականորեն ուղղորդում և վերահսկում է դատական գործընթացը, այլ կերպ տեղի ունեցողը ես ուղղակի չեմ կարող բնորոշել: Դատավորների անտարբերությունն էլ գործի ու մեր կողմից բերված փաստարկների հանդեպ մեկ անգամ ևս ապացուցում է դա: Բայց մենք մտադիր չենք հանձնվել «հայրենական արդարադատությանը» և Բաղդասարյանի մասով, սպառելով ներպետական դատական ատյանները, պատրաստվում ենք դիմել ՄԻԵԴ, իսկ այ Գալստյանի մասով լիահույս ենք, որ ուրբաթ օրը կայանալիք դատական նիստում որոշակի առաջընթաց կգրանցենք: Հույս ունենք, որ դատարանը ուշադրության կարժանացնի մեր կողմից բերված անհերքելի փաստարկները և իր վճռում գոնե կանդրադառնա դրանց:   

Իսկ եթե Գալստյանի մասով էլ ներպետական ատյանները սպառվեն, անշուշտ այս հարցով էլ կդիմենք ՄԻԵԴ, իսկ այս դեպքում մենք միանգամայն վստահ ենք մեր հաղթանակի վրա: Ընդ որում, ՄԻԵԴ դիմելու ենք մի քանի դրվագներով` և խոշտանգման, և արդար դատավարության իրավունքի խախտման, և իրավասու դատարանի խնդրով: Միջազգային ատյանները մեր միջնորդությամբ քննելու են ԱԱԾ-ի կողմից դատական իշխանության վրա ներազդելու հարցը:     

Դուք նշեցիք, որ դատարանին եք ներկայացրել քրգործի հիմքերի բացակայության անհերքելի ապացույցներ, եթե գաղտնիք չէ, կներկայացնեք ի՞նչի մասին է խոսքը: 

Իհարկե, մենք մասնավորապես հարցում էինք ուղարկել Պաշտպանության նախարարություն խնդրո առարկա զինամթերքի մասին եզրակացություն ստանալու համար, և ստացել ենք մի քանի գրություն ստորագրված ՊՆ և ԳՇ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ԳՇ նախկին և ներկա պետերի կողմից, որտեղ նշված է, որ տվյալ զինամթերքի հետ կապված որևէ խնդիր կամ բողոք չի առաջացել ոչ գնման գործընթացում, ոչ օգտագործման ընթացքում: Փաստացի, ՊՆ-ն և ԳՇ-ն որևէ բողոք այս զինամթերքի հետ կապված չունեն, ուստիև գործը բոլորովին անհիմն է և պետք է կարճվի:

Բացի այդ, ներկայացրել ենք արտադրող կողմի պարզաբանումները, որոնք նույնպես հերքում են առաջադրված մեղադրանքները: Սակայն դատարանը որևէ ուշադրություն այս, ըստ իս, անառարկելի փաստարկներին չդարձեց, և նույնիսկ իր վճռում հարկ չհամարեց գեթ մեկ տողով անդրադառնալ դրանց: Այս բոլոր փաստերի համադրությամբ մենք եկել ենք այն եզրահանգման, որ գործ ունենք որոշակի ուժերի հետ, որոնք անմիջական հետաքրքրություն և շահագրգռվածություն ունեն այս գործում: Ես հիմա անուններ չեմ նշի, սակայն մենք այս պահին փաստեր ենք հավաքում և դրանց բավական առկայության դեպքում կներկայացնենք հանցագործության մասին հաղորդում: Ի սկզբանե Դավիթ Գալստյանը  խնդիր է դրել, որ մենք պետք է գնանք իրավական ճանապարհով և չքաղաքականացնենք գործը, թեև դա արվում է մեր կամքից անկախ` այլոց կողմից: 

Այդ դեպքում գործը ինչ հիմքով է հարուցված, դուք փորձե՞լ եք ԱԱԾ-ից ճշտել:  

Մեզ տրամադրած քրգործում հարուցման հիմքերը չեն երևում: Մենք բազմաթիվ գրություններով, միջնորդություններով դիմել ենք ԱԱԾ, խնդրելով պարզաբանել ստեղծված իրավիճակը, սակայն որևէ պատասխան չենք ստացել: Ըստ էության այս ամբողջ գործը հիմնված է մի քանի անձանց ցուցմունքների վրա, որոնք հանդիսանում են ՊՆ և ԳՇ փորձագիտական հանձնաժողովի անդամներ: Սակայն տարօրինակն այն է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել գործարքին, այն կայացել է, հետագայում էլ մենք ՊՆ-ից և ԳՇ-ից եզրակացություններ ենք ստացել առ այն, որ զինամթերքի հետ կապված որևէ խնդիր չի եղել:  Ըստ էության այս ամենը ապացուցում է այդ մարդկանց ցուցմունքների հիմնազուրկ և սիրողական  լինելը: Իսկ եթե ապացույցները հիմնավոր են, ապա ինչու է կալանավորված միայն Դավիթ Գալստյանը և իր եղբայրը, այլ ոչ տվյալ հանձնաժողովի անդամները, կամ այլ լիազոր անձիք:

Ակնհայտ է, որ այստեղ մենք գործ ունենք ինչ-ինչ պաշտոնատար անձանց և նրանց հովանավորյալների կողմից, որոնք դատական համակարգի վրա ներազդելու հնարավորություն ունեն,  «գործ կարելու» և մեկ մարդու մեղավոր նշանակելու ձգտումների հետ:    

Որպես ապացույց բերեմ դատարանում տեղի ունեցած մի զավեշտալի դրվագ. քննիչը մեղադրանքը ներկայացնելու ընթացքում նշում է, որ Արմեն Բաղդասարյանը մասնակցել է ինչ որ զինատեսակների փորձարկումների, գործարքների, բայց մենք տեղյակ լինելով, որ նա նման լիազորություններ չունի, փաստեր ենք հավաքել և ներկայացրել առ այն, որ խոսքը ամենևին էլ «մեղադրյալ» Արմեն Բաղդասարյանի մասին չէ, այլ մեկ այլ անձի` նրա անվանակցի: Տվյալ անձը գրավոր փաստել է, որ այդ գործողություններին մասնակցել է հենց ինքը, այլ ոչ «մեղադրյալ» Արմեն Բաղդասարյանը, սակայն դա գործի քննության վրա որևէ ազդեցություն չունեցավ:

Լավ իսկ դուք փորձե՞լ եք առերեսվել  մեղադրական ցուցմունք տված անձանց հետ:

Շատ կարևոր հարց է: Նման միջնորդություն մենք ներկայացրել ենք դեռևս փետրվարի 24-ին, որը բավարարվել է, սակայն մինչ այս պահը` անցել է արդեն մոտ երեք ամիս, բայց այս ուղղությամբ որևէ գործողություն չի արվել և նշույլ էլ չկա, որ մոտ ապագայում սայլը տեղից կշարժվի:     

Ձեր ասածներից կարո՞ղ ենք ենթադրել, որ Դավիթ Գալստյանը հետպատերազմյան շրջանում պարզապես դարձավ քավության նոխազ, թե՞, այդուհանդերձ, քաղաքական մանիպուլյացիաների կամ բիզնես-շահերի զոհ:          

Թե առաջինը, թե երկրորդը, թե երրորդը: Լավ, բացեմ որոշակի փակագծեր: Այս գործում անմիջական շահագրգռվածություն ունեն այն մարդիկ, որոնք պատերազմի ժամանակ փորձել են հարստանալ զենքի մատակարարման շնորհիվ` պետության վրա զենքն ու զինամթերքը 8-9 անգամ թանկ վաճառելով: Սակայն, երբ պետությունը նախապատվությունը տվել է ավելի էժան, բայց որակապես համարժեք կամ նույնիսկ գերազանցող առաջարկներին, առաջացել է շահերի բախում: Իսկ ինչու են Գալստյանի առաջարկները եղել ավելի էժան, որովհետև պատերազմի ժամանակ նա հրաժարվել է իր շահույթից և զենքը մատակարարել ինքարժեքով:

Լավ, իսկ Դուք տեղյա՞կ եք, սա միակ գործն է, որով անցնում է Գալստյանը, որովհետև ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ քննվում են միանգամից մի քանի գործեր:   

Համենայնդեպս այս պահի դրությամբ մեզ այլ գործի մասին հայտնի չէ:

Եվ վերջում, կտեղեկացնե՞ք ձեր պաշտպանյալների առողջական վիճակի մասին:  

Եվ Դավիթ Գալստյանը, և Արմեն Բաղդասարյանը ունեն առողջական խնդիրներ, բանտային պայմանների հնարավորության սահմաններում բուժում են ստանում: Մենք իհարկե դիմել ենք առողջական վիճակով պայմանավորված խափանման միջոցը փոխելու համար, բայց իհարկե մերժվել ենք:

Ինչ վերաբերվում է նրանց հոգեվիճակին, ապա նրանք վճռական են պայքարը շարունակել հանուն արդարության և վստահ են դրա հաղթանակում: 

 

  • Կիսվել: