շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. փաստաբան

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. փաստաբան

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, հայտնեց Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը: Նա հայտնեց, որ գնում են դատարան, քննվելու է խափանման միջոցի հարցը, գրում է Ազատությունը:

Փաստաբանը նշեց, որ Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

«Մեր գնահատմամբ, այն հիմքերը, որոնք բերված են հետապնդման որոշման մեջ և որոնք արտացոլված են դատարան ներկայացվող միջնորդության մեջ, բավականին թույլ են: Այն հետևությունները կամ եզրահանգումները, որոնք նշված են, կարծում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում, դրանք հիմնակում ենթադրությունների մակարդակում են՝ մեր գնահատմամբ», - նշեց Եգորյանը:

Տիգրան Եգորյանն ասաց, որ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:

Քերոբյանն, ըստ փաստաբանի, այսօր հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում:

Վահան Քերոբյանը երեկ ազատվեց նախարարի պաշտոնից։ Իրավապահների գործողություններից կառավարության նիստում հրապարակավ դժգոհած Քերոբյանը երեկ հայտնել էր, որ լքում է պաշտոնը՝ հրաժարվելով խոսել պատճառների մասին։

Հունվարի վերջին առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ ձերբակալվեց, որից 4-ը՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ։ Քննչական կոմիտեն նշեց, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները»։

Օրեր անց Քերոբյանը կառավարության նիստում հայտարարեց՝ չապացուցված մեղադրանքի համար պաշտոնյաների ազատազրկումը պետական համակարգի պարալիզացիայի պատճառ է դառնում։

  • Կիսվել: