Իրանական Նաթանզի միջուկային կայանի վերգետնյա հատվածը ոչնչացված է. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կոչ է անում չթիրախավորել ատոմակայանները
Իրանական Նաթանզի միջուկային կայանի վերգետնյա հատվածը իսրայելական հարվածների հետևանքով ոչնչացվել է։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի շրջանակում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, նա տեղեկացրել է նաև, որ համաձայն իրանական կողմից ստացված տեղեկատվության՝ հարձակման են ենթարկվել ևս երկու կայաններ՝ Ֆորդո և Սպահան քաղաքներում։
«Ներկա պահին մենք չունենք բավարար տեղեկություն՝ բացի այն, որ այս հաստատությունների շուրջ ևս ռազմական գործողություններ են տեղի ունեցել»,- ասել է Գրոսին։
Նա հայտարարել է, որ ոչ մի պարագայում ատոմակայանները չպետք է թիրախավորվեն։ «Նմանօրինակ հարձակումները լուրջ հետևանք ունեն միջուկային անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խաղաղության ու անվտանգության տեսանկյունից»,- հիշեցրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենը։
Գրոսին պատրաստակամություն է հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել տարածաշրջան՝ տեղում գնահատելու իրավիճակն ու աջակցելու Իրանում անվտանգությանն ուղղված ջանքերին։ «Ակնհայտ է, որ ինչպես Իրանի և Իսրայելի, այնպես էլ ողջ տարածաշրջանի ու միջազգային հանրության համար առաջ տանող միակ կայուն ուղին երկխոսության ու դիվանագիտության մեջ է»,- ասել է նա։