շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի պաշտպաններին

Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի պաշտպաններին

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մերժեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանների ներկայացրած միջնդորդությունը: Դա նշանակում է, որ մեղադրանքը դատարանում կշարունակի ներկայացնել դատախազ Արսեն Մարտիրոսյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 25-ին դատական նիստում Սարգսյանի պաշտպանները դատախազին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն էին ներկայացրել: Միջնորդությամբ նրանք նշել էին, որ պաշտպանական կողմի համար դատախազն անվստահելի է:

«Ծանոթանալով սույն քրեական գործի նյութերին, պաշտպանության կողմի մոտ մեղադրողի անաչառության, անկողմնակալության, անկախության նկատմամբ, մեղադրողի կողմից այս քրեական գործով ինքնուրույն գործելու, զանազան կողմնակի ազդեցություններից, ճնշումներից զերծ մնալու, ենթադրություններով չառաջնորդվելու կարողությունների մասին ողջամիտ կասկածներ են հարուցվել», -հայտարարել էր փաստաբանը:

Դատախազ Արսեն Մարտիրոսյանը առարկել էր ներկայացրած միջնորդությանը՝ համարելով դա անհիմն: Հիշեցնենք՝ այս գործով ընդհանուր առմամբ 5 մեղադրալ կա։ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանից բացի, մեղադրանքներ են առաջադրվել նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին, փոխնախարար Սամվել Գալստյանին, վարչության պետ Գևորգ Հարությունյանին, գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին։

Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ այն բանի համար, որ նա 2010թ․ դեկտեմբերի 31-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով ՀՀ գյուղատնտեսության նախարար, այսինքն՝ ՀՀ կառավարության անդամ, պաշտոնատար անձ, «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, 2013թ․ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ, իր տեղակալ Սամվել Գալստյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով պաշտոնատար այլ անձանց հետ դիտավորությամբ խմբի կազմում կատարել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում։

  • Կիսվել: