շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դատարանը գտել է, որ Գագիկ Ծառուկյանը կապ ունի առաջադրված մեղադրանքի հետ, դա ենք բողոքարկել․ Ծառուկյանի փաստաբան

Դատարանը գտել է, որ Գագիկ Ծառուկյանը կապ ունի առաջադրված մեղադրանքի հետ, դա ենք բողոքարկել․ Ծառուկյանի փաստաբան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Այդ մասին InfoPort.am-ին տեղեկացրեց Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։

Ըստ պաշտպանի, դատարանը գտել է, որ Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքում կա հիմնավոր կասկած, սակայն իրենք վստահ են, որ դա բացակայում է, հետևաբար Վերաքննիչ դատարանին ուղղված բողոքում խնդրել են հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը։

«Հիմնավոր կասկածն այն է, որ այդ անձը ինչ-որ կերպ կապ ունի այս հանցագործության հետ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը խափանման հարցի միջնորդության վերաբերյալ որոշմամբ դա էր արձանագրել։ Հիմա մենք դա բողոքարկում ենք՝ խնդրելով հիմնավոր կասկածի բացակայությունը հաստատված համարել», - ներկայացրեց փաստաբանը։

Այդուհանդերձ, որոշելով որ Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի համար կան հիմնավոր կասկածներ, Երևանի ընդհանուր իրավասոթւյան դատարանը միաժամանակ որոշել է չկալանավորել նրան՝ նշելով, որ կալանքի հիմքեր չկան։

Վերաքննիչ դատարան ներկյացրած բողոքում, ըստ փաստաբանի, նաև բարձրացրել են քննչական ենթակայության հարցը։

«Այս քրեական գործը ենթակա է Հատուկ քննչական ծառայությանը, բայց մեզ համար անհասկանալի պատճառներով դա վարում է ԱԱԾ-ն։ Դա շատ լուրջ խնդիր է մեր իրավական համակարգի համար։ Այդ հարցը ևս բարձրացրել ենք», - հավելեց Մինասյանը՝ նշելով, որ վերաքննիչ բողոքն արդեն ներկայացրել են։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017 թվականի ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանողների կազմակերպված խումբ ղեկավարելու համար։

  • Կիսվել: