երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ցույցերը միայն և միայն նպաստում են գերիների վերադարձին. Վազգեն Մանուկյան

Ցույցերը միայն և միայն նպաստում են գերիների վերադարձին. Վազգեն Մանուկյան

Սահմանադրության մեջ գրված է, որ Գլխավոր շտաբի պետը նշանակովի պաշտոն է և հինգ տարի ժամկետով է նշանակվում, հետևաբար՝ ԳՇ պետի ազատման մասին Նիկոլ Փաշինյանի հրամանագիրն անօրինական է: Այս մասին այսօր Հայրենիքի փրկության շարման հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա նշեց. ՛՛Այսինքն՝ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, սահմանադրական կարգի հերթական տապալումն է: Ես գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ընտրություններ անցկացնել չի կարելի, և բացարձակապես համաձայն չեմ, որ չի կեղծվելու, ամբողջ մեր կյանքն է կեղծված, բնական է, որ կեղծվելու է՛՛:

Մանուկյանը նշեց, որ Իլհամ Ալիևին ձեռնտու է, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության: ՛՛Դա նշանակում է, որ, ընդհակառակը, ինքը, այս ցույցերից վախենալով, որ այս իշխանությունը փոխվելու է, կարող է ժեստ անել և մի քանի գերի նույնիսկ ավելի վերադարձնել: Այսինքն՝ այս ցույցերը միայն և միայն նպաստում են գերիների վերադարձին և ոչ հակառակը՛՛,-ասաց նա:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ժամ է՝, ինչ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Ազգային ժողովի մուտքը Դեմիրճյան փողոցից՝ հայտարարելով, որ արգելելու են պատգամավորների ելումուտն ու մուտքը փակ են պահելու այնքան ժամանակ, մինչեւ պատգամավորները կկատարեն ժողովրդի պահանջը եւ իշխանությունից կհեռացնեն Նիկոլ Փաշինյանին։

Դեմիրճյան փողոցում վրաններ են տեղադրել, խարույկ վառել ու հայտարարել, որ գիշերելու են այնտեղ։

Ազգային ժողովի հարակից տարածքում՝ Բաղրամյան պողոտայում եւ Դեմիրճյան փողոցում, բազմաթիվ ոստիկաններ կան։։

Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ մայրաքաղաք ոստիկանական ուժեր են բերվում բոլոր մարզերից։ Նա դիմել է այդ ոստիկաններին՝ կանգնել բանակի կողքին եւ չենթարկվել ՛՛խելագարի ապօրինի հրահանգներին՛՛։ Սաղաթելյանը նաեւ հայտարարել է, որ իրենք մինչեւ վաղը 12։00-ն ժամանակ են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Նրա խոսքով՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին Փաշինյանի հայտարարությունները կեղծ են։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18։00-ին լրացել է ժամկետը, երբ նախագահ Արմեն Սարգսյանը կարող էր ՍԴ դիմել՝ վիճարկելու ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, ինչն Արմեն Սարգսյանը չի արել։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հրապարակել է նախագահին ուղղված իր դիմումի պատասխանը։ Աշխատակազմից ստացված գրության մեջ ասվում է, որ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը ՛՛թե իրավական ընթացակարգերի, թե սահմանադրական պատասխանատվության, եւ թե քաղաքական հետեւանքների առումով գտնվում է վարչապետի իրավասության եւ հայեցողության շրջանակում՛՛:

  • Կիսվել: