ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Чья бы корова не мычала, твоя бы молчала: Վահրամ Աթանեսյանը՝ «Դաշնակցության» ներկայացուցչին

Чья бы корова не мычала, твоя бы молчала: Վահրամ Աթանեսյանը՝ «Դաշնակցության» ներկայացուցչին

Արցախի ԱԺ այսօրվա նիստում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխության շուրջ բանավեճ է ծավալվել: Գործադիրն առաջարկել է օրենքից հանել այն դրույթը, որով հինգ տարվա ղեկավար աշխատանքի պահանջ է ներկայացվում պալատի անդամի թեկնածուին՝ հիմնավորելով, որ կադրային պակաս կա: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը դա քաղաքական մոտեցում է անվանել:

Սյս առնչությամբ քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը գրում է. «Ռուսները նման դեպքում ասում են՝ чья бы корова не мычала, твоя бы молчала: Բանն այն է, որ 2007թ. նախագահական ընտրություններից հետո Մոսիյանը նշանակվել է արդարադատության նախարար՝ չունենալով ոչ մասնագիտական կրթություն, ոչ ոլորտում գոնե մեկ օրվա աշխատանքային փորձ: Մեկ տարի անց նա նշանակվել է Վերահսկիչ պալատի նախագահ՝ դարձյալ չունենալով մասնագիտական կրթություն եւ հանրային ֆինանսների կառավարման կամ աուդիտորական աշխատանքի փորձ:

Այնուհետեւ Մոսիյանը նշանակվել է գլխավոր դատախազ եւ ստացել դասային բարձր աստիճան, երբ ոչ միայն դատախազությունում, այլեւ իրավապահ համակարգում առհասարակ չի ծառայել: Ի՞նչ սկզբունքներով են կատարվել այդ նշանակումները: Դաշնակցությունը նախագահական ընտրություններում պաշտպանել է Բակո Սահակյանի թեկնածությունը, որի դիմաց Մոսիյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել՝ չհանդիսանալով այդ բնագավառի մասնագետ:

Հիմա ի՞նչ է տեղի ունենում: Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել, հնարավորություն տալ, որպեսզի Հաշվեքննիչ պալատի անդամ նշանակվի հանրային ֆինանսների կառավարման նվազագույնը 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող անձը՝ հանելով դրանից 5 տարին ղեկավար պաշտոնում աշխատած լինելու պահանջը: Մոսիյանը համարում է, որ դրանով օրենքը հարմարեցվում է կոնկրետ թեկնածուի:

Մարդը ետ նայեր սեփական անցյալին եւ խղճով պատասխաներ մի հարցի. «Ինչպե՞ս էր իրեն զգում գլխավոր դատախազի պաշտոնում, երբ ղեկավարում էր կրթությամբ եւ աշխատանքային փորձով իրենից մի քանի գլուխ բարձր մարդկանց»»:

  • Կիսվել: