երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Չփորձեք քաղաքացու վրա գցել պատասխանատվությունը. Զոհրաբյան

Չփորձեք քաղաքացու վրա գցել պատասխանատվությունը. Զոհրաբյան

Կորոնավիրուսից մահվան դեպքերի և վարակակիրների վիճակագրությունն ահագնացող է: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Այս երկու օրը մենք տեսնում ենք շատ վտանգավոր, շատ անազնիվ մի տենդենց՝ ողջ պատասխանատվությունը գցել, իրենց ձևակերպմամբ, անպատասխանատու քաղաքացու վրա։ Սա անընդունելի է»,- ասաց պատգամավորը։  

Նրա խոսքով, կառավարությունն այսօր բարոյական իրավունք չունի պատասխանատվությունը գցել ՀՀ քաղաքացու վրա։

«Այո, քաղաքացին պարտավոր է լինել օրինապահ, հետևել պարետատան կանոններին, բայց եկեք հասկանանք՝ ինչ են արել համաճարակի համար պատասխանատու կառույցները, արդյոք նրանք արել են ամեն ինչ, որպեսզի այսօր չխոսեն սպեցնազ մտցնելու մասին, չխոսեն դուբինկաներով առողջություն պարտադրելու մասին։ Չփորձեք քաղաքացու վրա գցել պատասխանատվությունը։ Կառավարությունն այսօր բարոյական իրավունք չունի պատասխանատվությունը գցել Հայաստանի քաղաքացու վրա»,- հայտարարեց պատգամավորը։

Ըստ Նաիրա Զոհրաբյան, եթե պաշտոնյան մի օր ասում է, որ պետք է դիմակ կրել, հետո՝ չկրել, քանի որ վտանգավոր է, կամ մի նախարարն ասում է՝  իր երեխային տանելու է դպրոց, որովհետև վարակը իր համար վարակ չէ, մյուսը ասում է, որ կորոնավիրուսը շատ ավելի թույլ է, քան գրիպի մյուս տեսակները, ապա քաղաքացին իրավունք ունի մոլորվելու իրավիճակի համար պատասխանատու պաշտոնյաների իրար հակասող հայտարարություններից:

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մենք կանգնած ենք կատարյալ անկառավարելի քաոտիկ իրավիճակի եզրին։ Եւ հիմա ոչ թե պետք է մեղավորներ փնտրել, այլ կառավարությունը պետք է որոշումներ կայացնի»,- ասաց նա՝ կոչ անելով մոբիլիզացնելու ողջ ներուժը, լսի մասնագետներին և համապատասխան որոշումներ կայացնի։

 

  • Կիսվել: