ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չկարգավորվող իրավիճակներ չկան. Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Լավրովի արցախյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարության մասին

Չկարգավորվող իրավիճակներ չկան. Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Լավրովի արցախյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարության մասին

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի համար չափազանց բարդ է հասկանալ, թե ինչ է կատարվում ղարաբաղյան բանակցությունների շուրջ, քանի որ հայկական կողմը մի բան է ասում, իսկ ակտիվ միջնորդ ռուսական կողմը՝ այլ բան։

«Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ռուսաստանը վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամենաակտիվ միջնորդն է։ Լավրովն էլ այն անձնավորությունն է, որը լավ տեղեկացված է բանակցությունների ընթացքից», - InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հայտարարությունը առ այն, որ բանակցությունների ընթացքում քննարկվում է հակամարտության կարգավորման փուլային տարբերակը, և դրան հետևած ՀՀ ԱԳ նախարարի արձագանքները։

Սարգսյանը փաստում է, որ փաթեթային կարգավորման մասին Լավրովի հայտարարությունը, իհարկե, նորություն է, քանի որ հայկական կողմը վերջին երկու տարիներին միանգամայն այլ բան էր հայտարարում։

«Ստեղծված իրավիճակում պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունենում»,- նշեց Սարգսյանը։

Անդրադառնալով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի արձագանքին, Սարգսյանն ասաց, որ բաց հարցեր են մնում։ Քաղաքագետը նկատեց, որ պետք էր հստակ հերքել, հայտարարել, որ նման փաստաթուղթ չի քննարկվում, չկա։

«Հայկական կողմը պետք է հայտարարի, որ չկա նման փաստաթուղթ, չկա բանակցություն, դրանք կոնսուլտացիաներ են։ Եվ պետք է հայտարարել, որ եթե նույնիսկ ինչ-որ քննարկումներ եղել են, ապա փաթեթային լուծում է և ոչ թե փուլային, ինչը Հայաստանի շահերից չի բխում», - ընդգծեց Սարգսյանը։

Նրա խոսքով, Հայաստանի հանրության շրջանում Լավրովի հայտարարություններից առաջացած կասկածները փարատելու համար ԱԳ նախարարը պետք է հստակ պատասխաններ տար առաջացած հարցերին։ Մասնավորապես, ինքը ԱԳ նախարարից ցանկանում է իմանալ՝ կա՞ Լավրովի մատնանշած փաստաթուղթը բանակցությունների սեղանին և արդյոք այդ փաստաթուղթը փուլային փաստաթուղթն է։

«Ինձ, անկեղծ ասած, բացարձակ չի հետաքրքրում՝ որ տարում ինչ փաստաթուղթ է բանակցվել նախկին իշխանությունները ինչպես են քննարկումներ վարել։ Ինձ հետաքրքրում է՝ հիմա ինչի մասին են բանակցում։ Կարծում եմ՝ մեծ բան չեմ պահանջում», -նկատեց Սարգսյանը։

Քաղաքագետը նկատեց, որ Հայաստանում 1996-ի սցենարի կրկնության հնարավորություն չկա, քանի որ փակուղային իրավիճակներ ղարաբաղյան բանակցություններում հնարավոր չեն։

«Ցանկացած արտաքին, ներքին ճնշում դեռ վերջը չէ և բնականաբար, նման պայմաններում դեռ կան քայլեր, որոնք իշխանությունները կարող են իրականացնել, որ իրավիճակը մեղմեն, լարվածությունը թուլացնեն։ Այնպես որ, չլուծվող հարցեր, չկարգավորվող իրավիճակներ չկան։ Ամեն ինչ կախված է նաև Հայաստանի իշխանությունների ցանկությունից», - նշեց Սարգսյանը։

  • Կիսվել: