Չի հանգստանում. Վահրամ Աթանեսյանը` Դանիել Իոաննիսյանին
«Իրազեկ քաղաքացի» Դանիել Իոաննիսյանը, փաստորեն, այլ զբաղմունք չունի, քան՝ «մտահոգված լինել» Արցախով, գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը: «Օգոստոսի 30-ին վարչապետ Փաշինյանը եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել են առաջնագիծ, որտեղ ծավալուն ինժեներական աշխատանքներ են իրականացվում:
Արցախի նախագահը լուսանկար է հրապարակել՝ կից գրությամբ, որ պաշտպանական գիծն ամրապնդելու գործին մասնակցում է նաեւ Հայկ Սարգսյանը: Թվում է՝ յուրաքանչյուր հայ մարդ պետք է ոչ միայն հպարտ լինի, որ մենք այնքան ուժեղ ենք, որ քաղաքացիներն էլ իրենց լուման են բերում Արցախի պաշտպանական դիրքերի ամրապնդմանը: Բայց երբ մարդու ընկալումները շեղված են, նրանից ամեն ինչ սպասելի է: Դանիել Իոաննիսյանն շտապել է համայն հայությանն «իրազեկել», որ Հայկ Սարգսյանը Մարտունու նախկին քաղաքապետն է, ով պաշտոնից հրաժարական տվեց եւ «բարեհաջող խուսափեց դատվելուց»: Հայկ Սարգսյանը Մարտունիում կանխել է Արցախում Իոաննիսյանի համակրանքը վայելած «հեղափոխականների» կազմակերպած սադրանքը, թույլ չի տվել, որ նրանք բախումներ հրահրեն:
Ի՞նչ դատի մասին է խոսում Իոաննիսյանը: Հայկ Սարգսյանն ազնիվ է գտնվել եւ նախագահական ընտրություններից հետո հրաժարվել է Մարտունու քաղաքապետի պաշտոնից: Հայկ Սարգսյանն իր գործով է ապացուցել նվիրվածությունն Արցախին ու Հայաստանին, հայ ժողովրդին: Եւ շարունակում է իր ներդրումն ունենալ Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
Իսկ թե ինչո՞վ եւ ի՞նչ նպատակով է զբաղվում Դանիել Իոաննիսյանը՝ կարելի է պատկերացում կազմել սոցիալական ցանցերում եւ մամուլում նրա հասցեին արվող որակումներից: Չխորանանք, բայց մի բան ասելուց առաջ մարդ պարտավոր է իրեն հաշիվ տալ՝ իր ապրած կյանքով, արած-թողածով վաստակե՞լ է Հայրենիքի նվիրյալներից մեկին քննադատելու իրավունքը: Ու նաեւ հաշվեկշռի՝ ինքը կդիմանա՞ Հայկ Սարգսյանի քննադատությանը»,- գրել է քաղաքագետը:


