շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չգիտեմ մինչև ուր զանգեցին, ասացին, որ հասկացան․ Քոչարյանը պատմեց՝ ինչպես է բարձրաստիճան սպան պնդել, որ մասնակցի վիրահատությանը

Չգիտեմ մինչև ուր զանգեցին, ասացին, որ հասկացան․ Քոչարյանը պատմեց՝ ինչպես է բարձրաստիճան սպան պնդել, որ մասնակցի վիրահատությանը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում երկամսյա ընդմիջումից հետո մեկնարկեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։ Նիստին ներկա է նաև մեղադրյալը՝ Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահն իր ելույթի ժամանակ ներկայացրեց իր բուժման վերաբերյալ մի դրվագ, որի ժամանակ հայտնեց թե ինչպես սպայի պատճառով պատրաստվում էր հրաժարվել բուժումից․

«Ես բժիշկների հետ նստած քննարկում էի, թե ինչպես պետք է արվի վիրահատությունը, քրեակատարողական հիմնարկի, ոչ Երևանի-կենտրոնի, այլ՝ վարչությունից, մի բարձրաստիճան սպա ասաց, որ ինքն էլ է մասնակցելու: Ես նրան հարցրեցի՝ Դուք բժի՞շկ եք, ասաց ՝ոչ: Հարցրեցի, թե որպես ով է մասնակցում: Ասաց, որ պարտավոր է մասնակցել: Ես ասացի՝ խնդրում եմ զանգեք ՄԻՊ-ին, ասաց, որ չի զանգում, զրկել են կապի հնարավորությունից: Վերջը այլ ելք չկար, ես կանգնեցի ու ասացի հրաժարվում եմ բուժումից, ինձ տարեք ՔԿՀ: Ինքը դուրս եկավ, զանգեց իր պետին, չգիտեմ մինչև ուր զանգեցին, ասացին, որ հասկացան, չեն մասնակցում»։

Նախագահի խոսքերով, դրանից հետո բժշկի հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ ներսում որևէ մեկը չլինի.

«Իմ իրավունքները կոպիտ ու գռեհիկ ձևով ոտնահարվել են։ Ես ուղղակի հասել եմ նրան, որ իմ իրավունքները պաշտպանվեն, թեկուզ դա պետք է աներ դատախազությունը»:

  • Կիսվել: