չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Չեք տեսնո՞ւմ, որ չի ստացվում, մինչեւ ե՞րբ պետք է դա շարունակվի. Գերմանիայում ապրող հայը՝ Փաշինյանին

Չեք տեսնո՞ւմ, որ չի ստացվում, մինչեւ ե՞րբ պետք է դա շարունակվի. Գերմանիայում ապրող հայը՝ Փաշինյանին

Ես ժողովրդի՝ իմ ուսերին դրած պատասխանատվությունը ինչքան էլ, որ ծանր լինի, ծնկներս ծալվեն, չեմ թողնելու։ Այս մասին Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ վերջին տարիներին նրա կառավարման ժամանակ Հայաստանն ունեցել է տարածքային ու մարդկային կորուստներ, անվտանգության համակարգը փլուզված է, մինչեւ ե՞րբ պետք է դա շարունակվի եւ նա չի տեսնո՞ւմ, որ ինչ–որ բան չի ստացվում։

«Խորհրդարանում ինձ մի անգամ ասացին՝ չեք պատրաստվո՞ւմ հրաժարական տալ, բայց կներեք Հայաստանի ոչ մի ղեկավար այնքան հրաժարական չի տվել, որքան ես, հո չեմ կարող ամեն շաբաթ հրաժարական տալ։ Ես հրաժարական տվել եմ, տեղի են ունեցել արտահերթ ընտրություններ, ժողովուրդը որոշել է, որ ես պետք է կրեմ այս պատասխանատվությունը։ Ես ժողովրդի՝ իմ ուսերին դրած պատասխանատվությունը ինչքան էլ, որ ծանր լինի, ծնկներս ծալվեն, չեմ թողնելու։ Դուք միայն այսօրվա մասին եք խոսում, իսկ գիտե՞ք, թե դրանից հետո ինչ կլինի, դրանից հետոյի պատասխանատուն ո՞վ է, ես եմ։ Եվ ես իմ առաքելությունը տեսնում եմ նրանում, որ ՀՀ–ն լինի խաղաղ ու զարգացած։ Մենք խոսում ենք անվտանգության համակարգերի մասին, բայց ինչու չենք ասում, որ մեր անվտանգության համակարգերը մեզ դավաճանել են, կարող է պարզվի, որ մենք հենվել ենք փուչիկ անվտանգային գործոնների վրա»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ 44–օրյա պատերազմի հետեւանքներն առաջինը կրում են  զոհվածների ծնողներն ու հարազատները, հետո արդեն ինքը։

«Մենք միայն հետեւանքների մասին ենք խոսում, իսկ պատճառների մասին ուզո՞ւմ ենք խոսել, կարծում եմ, որ մենք պետք է խորանանք ու տեսնեք, թե ինչ է տեղի ունեցել մեր բանակում, երբ մենք հոտնկայս կենաց էինք խմում, ինչ է տեղի ունեցել մեր արտաքին քաղաքականության մեջ, ինչքանով է Հայաստանը եղել ու կա որպես ինքնիշխան պետություն»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։

 Փաշինյանն ընդգծեց, որ ինքը հավատարիմ է ընտրություններում իրեն ձայն տված ժողովրդին. «Որովհետեւ եթե դուք մեկին մանդատ եք տալիս, հետո էդ մանդատը հետ չեք վերցնում ու էդ մեկը մանդատը շպրտում է փողոց ու փախնում, դրանից ավելի մեծ դավաճանություն չի կարող լինել։ 2020 թվականի նոյեմբերի 9–ին հայտնի իրադարձությունների ժամանակ մարդիկ գնացել էին օդանավակայանի թռիչքուղիներն էին գրավում, իրենք հույս ունեին, որ ես Հայաստանից պետք է փախնեմ, բայց գոնե իմ քաղաքական կենսագրության ընթացքում ապացուցել եմ, որ ես փախչող չեմ, եւ ինձ տրված պատասխանատվությունը կրելու եմ մինչեւ վերջ։ Այն է՝ Հայաստանը որպես խաղաղ ու զարգացող պետություն ժառանգել հաջորդ կառավարությանը ու սերունդին»։  

  • Կիսվել: