երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մենք չենք կարող ընդունել Ադրբեջանի կողմից կատարվող միակողմակի քայլերը. Կոլոննան՝ Ադրբեջանի ոտնձգությունների մասին

Մենք չենք կարող ընդունել Ադրբեջանի կողմից կատարվող միակողմակի քայլերը. Կոլոննան՝ Ադրբեջանի ոտնձգությունների մասին

Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն է ցուցաբերում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին. Ֆրանսիան դա միայնակ չի անում, Ֆրանսիան դա անում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի կողքին և, բնականաբար, կապ պահպանելով ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի հետ, որոնք կարող են օգտակար դեր խաղալ այս գործընթացում: Հայաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան:

«Բոլորս գիտենք, որ խաղաղության ճանապարհը դժվար է գտնել, դժվարին է և հաճախ երկար: Բայց ես ասում եմ Երևանում, ինչպես ասել եմ Բաքվում՝ դա միակ ճանապարհն է, որը հնարավորություն կտա արդար և կայուն խաղաղության հասնելու, միակ ճանապարհը, որը հնարավորություն կտա նոր հեռանկարներ ստեղծելու երկու երկրների ապագայի և երկու երկրների բանակցությունների համար: Ուստի մենք բոլորին քաջալերում ենք վճռականորեն այդ ճանապարհին կանգնել»,- ասաց Կատրին Կոլոննան:

Նա հիշեցրեց, որ Պրահայում անցյալ հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահը ջանքեր գործադրեցին, որ Հայաստանը և Ադրբեջանը մի կարևոր քայլ կատարեն՝ վերահաստատելով իրենց հավատարմությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին, որով նրանք փոխադարձաբար իրենց տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունն են ճանաչում: «Կարծում ենք, որ կարևոր է ամրապնդել այս նվաճումը, շարունակել այս աշխատանքը՝ գուցե առաջնահերթ սահմանագծման աշխատանքները կատարելով, կամ այլ քայլեր, բայց անհրաժեշտ է շարունակել այս աշխատանքը և շատ կոնկրետ այդ հանձնառությունը, որը ձեր վարչապետի և Ալիևի կողմից հայտարարվեց Պրահայում»,- ասաց նա:

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծեց, որ տարածքային ամբողջականության հարգանքը նշանակում է հրաժարվել ցանկացած ուժային գործողությունից: «Ես դա ասել եմ Բաքվում, դա կրկնում եմ այստեղ: Ադրբեջանական ուժերի առաջխաղացումների հանդիման մենք չենք կարող թույլ տալ մի երկրի տարածքային ամբողջականության չհարգանքը, հակառակ պարագայում նույնը կասեի, եթե դուք առաջխաղացումներ ունենայիք Ադրբեջանի տարածքում: Միջազգային իրավունքը պետք է հարգվի, և դա միակ ճանապարհն է, որպեսզի երկու կողմերն էլ առաջ գնան, ուստի մենք չենք կարող ընդունել այն միակողմանի քայլերը, որոնք կատարվում են Ադրբեջանի կողմից, ես դա ասել եմ նաև երեկ:

Այս առումով ցանկանում եմ ողջունել ԵՄ դիտորդական առաքելության դերը, քանի որ այն նպաստում է լարվածությունն իջեցնելուն երկու երկրների միջև: Դա դիտորդական առաքելություն է, ոչ զինված առաքելություն է, որը, կարծում եմ, արդյունավետ դեր է խաղում լարվածությունը նվազեցնելու համար՝ թույլ տալու ԵՄ անդամ պետություններին իրենց որոշումները հիմնել օբյեկտիվ հայացքի վրա, դրանից անդին վստահ եմ, որ այս առաքելությունը նպաստում է վստահության մթնոլորտ վերահաստատելուն: Ես տեղում այսօր հանդիպեցի առաքելության անդամների հետ, ցանկանում էի նաև քաղաքական ժեստ դրանով անել, կարծում եմ, որ օգտակար է նրանց դերը»,- նշեց Կոլոննան:

  • Կիսվել: