կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չենք կարող այնպես անել, որ տարածաշրջանի բոլոր երկրները լինեն նույնական մտածողությամբ, պատկերացումներով, բայց պետք է գտնել բանաձևը, թե ինչպես դրանք չբախվեն. Փաշինյան

Չենք կարող այնպես անել, որ տարածաշրջանի բոլոր երկրները լինեն նույնական մտածողությամբ, պատկերացումներով, բայց պետք է գտնել բանաձևը, թե ինչպես դրանք չբախվեն. Փաշինյան

Ես պատմական կոնտեքստում ոչ այնքան կընդգծեի Հայաստանի, հայ ժողովրդի և Ռուսաստանի հարաբերությունները, որքան կընդգծեի Հայաստանի և Թուրքիայի կամ Հայաստանի և տարածաշրջանի թրքախոս ժողովուրդների հարաբերությունը, ավելի ճիշտ՝ Հայաստանի հարաբերությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է պատմական Ռուսաստանի կողմից դավաճանված լինելու զգացողությունը:

«Այստեղ են բոլոր հարցերը, և այստեղ են բոլոր հարցերի պատասխանները: Եվ ես հենց այդ տրամաբանությունն եմ դնում, որ մենք պիտի աշխատենք՝ առաջին հերթին մեր տարածաշրջանում մեր հարաբերությունները բարելավենք: Ում հետ ունենք լավ հարաբերություններ, այդ հարաբերություններն ավելի լավը դարձնել: Խոսքը Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության մասին է։ Ում հետ հարաբերությունները լարված են կամ չկան հարաբերություններ, այդ հարաբերությունները ստեղծենք և փորձենք քայլ-քայլ գնալ առաջ»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, շատ բան կախված է նրանից, թե ինչքանով կկարողանանք ձևակերպել տարածաշրջանային շահեր, որովհետև երբ չկան ձևակերպված տարածաշրջանային շահեր, ինքնիշխան երկրների շահերի միջև սկսում են լարումներ առաջանալ, որոնք չկառավարելու դեպքում դառնում են սրացումներ, էսկալացիաներ, պատերազմներ:

«Բայց հենց այդ լարումները կառավարելու ճիշտ և գրագետ ձևը տարածաշրջանային շահերի մասին պատկերացումներ ունենալն է, որովհետև գիտեք՝ մենք չենք կարող այնպես անել, որ տարածաշրջանի բոլոր երկրները և ժողովուրդները լինեն նույնական՝ նույնական մտածողությամբ, նույնական պատկերացումներով, ընկալումներով և այդպես շարունակ, և պետք էլ չէ դա անել:

Պետք չէ դա անել, որովհետև այն, ինչ դառնում է հակասությունների պատճառ, երբեմն կարող է փոխլրացման պատճառ դառնալ, էլ չեմ ասում, որ այդ մշակույթները, պատմությունները, ավանդույթները կարող են մեկը մեկին լրացնել:

Բայց պետք է գտնել այդ բանաձևը, ինչպես դրանք ձևակերպել և դասավորել, որ դրանք ոչ թե բախվեն, այլ մեկը մեկին լրացնեն, մեկը մեկին ընդգծեն, ուժեղացնեն՝ գուցե:

Այսինքն` մենք ոչ թե խնդիրը դրել ենք՝ չենք կարողանում լուծել, մենք նորմալ խնդիրն էլ չենք դրել, այսինքն` դեռ վերնագիրը չունենք: Հիմա կարծում եմ, որ մենք այդ վերնագիրը պետք է ունենանք և փորձենք այդ վերնագրի ներքո ստեղծել բովանդակություն: Ինչպիսի՞ն կլինի և պետք է լինի այդ բովանդակությունը, ես չեմ կարող ասել, որովհետև դա կարող է լինել միայն համագործակցության և ինչ-որ տեղ՝ համատեղ աշխատանքի արդյունք:

Ես չեմ կարող պարծենալ, որ մենք տարածաշրջանում այդ աշխատանքը բավարար չափով անում ենք, բայց կարծում եմ, որ եթե մնանք այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք արդեն հայտնի են, և որոնց մասին ասացի, նման բան ունենալու հնարավորությունները կմեծանան»:

 

  • Կիսվել: