հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Չէի ուզենա մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում անդրադառնալ այս հարցին, բայց չեմ կարող․ Արսեն Թորոսյան

Չէի ուզենա մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում անդրադառնալ այս հարցին, բայց չեմ կարող․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է․

«Չէի ուզենա մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում անդրադառնալ այս հարցին, բայց չեմ կարող:

Ծխախոտային արդյունաբերությունը, ի դեմս մի շատ հայտնի միջազգային արտադրողի, որ իր ճիրանները փորձում է գցել բոլոր երկրների վրա, կրկին ակտիվացել է Հայաստանում: Ակտիվացել է մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում: Հանդգնել է շանտաժի ենթարկել թեկուզ թուլացած, բայց մի ամբողջ պետություն: Իսկ շանտաժի գործիքը նույնն է` արդեն հնացած ձայնապնակը, ըստ որի երկիրը կկործանվի, եթե իրենց կենսական շահերը ոտնահարվեն: Եվ էական էլ չէ, որ հենց իրենց կենսական շահերն են բերում բնակչության առողջության ու դրանով պայմանավորված նաև տնտեսության թուլացմանն ու քայքայմանը:
 
Ամենուր սողոսկող արդյունաբերությունը բոլոր երկրներում գտնում է շանտաժը առաջ տանելու թույլ օղակները, սակայն, այս գործընթացի մեջ անակնկալները նույնպես անպակաս են: Անկախ նրանից, որ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, ինձ համար միևնույն է զարմանալի է, երբ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը կարող է համահեղինակ լինել առողջության քայքայմանը նպաստող օրինագծի: Միևնույն է, գլխումս չի տեղավորվում: Մի՞թե դա հնարավոր չէր անել այլ պատգամավորների ձեռամբ: Թե դա հատուկ է արվում, որպեսզի ընդգծվի արդյունաբերության ամենակարող լինելը, հատկապես այս ծանր ժամանակաշրջանում: Կամ էլ, ես եմ դեռ շատ ռոմանտիկ, երբ կարծում եմ, որ գրված ու չգրված սահմաններ կան տարատեսակ վարքագծերի համար:
 

Ինչևէ, եկել հասել ենք մի հանգրվանի, երբ Ազգային ժողովը պետք է քննարկի «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի քանի կարևոր դրույթներ հետաձգելու հարցը: Եվ իմ ունեցած տպավորությամբ այդ քննարկումը ֆորմալ բնույթ է կրելու, քանի որ շանտաժը կարծես աշխատել է: Հակառակ պարագայում հարցը ԱԺ օրակարգ չէր հասնի, քանի որ բազմիցս ապացուցվել է, որ այդ դրույթները շատ կարևոր են ավելի առողջ դեռահասներ ու պատանիներ, և ընդհանրապես ավելի առողջ բնակչություն ունենալու համար: Ապացուցվել է միջազգայնորեն և նաև հենց մեր երկրի համար, որը իր փորձառությամբ շատ չի տաբերվում ծխախոտային արդյունաբերության թակարդը ընկած այլ երկրներից:

Մենք չենք զլանա, Ազգային ժողովի մեր գործընկերներին կրկին կներկայացնենք մեր փաստարկներն ու ապացույցները, բայց նաև երբեք չենք մոռանա, թե ով և ինչպես էր փորձում «կրակից շագանակներ հանել» մեր պետության համար այս ծանր ժամանակաշրջանում»:

  • Կիսվել: