Ցանցերը, որոնց մասով կասկածներ կային, բացահայտված են. Արմեն Գրիգորյան
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ համակարգի վերին օղակներում դավաճաններ լինելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Նա նշեց, որ եթե կոնկրետ անուններ տալու անհրաժեշտություն լիներ, վարչապետը կխոսեր:
«Ընդհանուր առմամբ, համակարգի ներսում պարբերաբար լինում են դեպքեր, երբ չի կատարվում հեղափոխության պահանջներին համապատասխան քայլեր և ցանկացած դեպքում, երբ հստակեցվում են և բացահայտվում, կայացվում են համապատասխան որոշումներ»,- ընդգծեց նա։
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ գործնականում մինչ այսօր բազմաթիվ քայլեր են կատարվել՝ սկսած կառավարման համակարգի տարբեր բարեփոխումներից, մինչև որոշումներ, որոնցով եղել են մարդիկ, որ այլևս չեն աշխատում, դրանք բոլորն այդ նպատակին են ծառայում։
Ինչ վերաբերում է պետական դավաճանության համար քրեական գործ չլինելուն, վերջինս նշեց. «Որպեսզի իրավական գործընթացն արդյունավետ լինի, մենք պետք է ունենանք անկախ դատարան, իսկ անկախ դատարանի հարցը լուծված չէ։ Հույս ունեմ, որ ապրիլի հինգից հետո այդ հարցը կլուծվի»։
Անդրադառնալով ԱԱԾ ղեկավարի պաշտոնակատարի՝ ահաբեկիչների ցանցի մասին հայտարարություններին, Արմեն Գրիգորյանն ասաց, որ ՀՀ քաղաքացին այս պահին մտահոգության պատճառ չունի, որովհետև ԱԱԾ-ն աշխատում է արդյունավետ:
«Ցանցերը, որոնց մասով կասկածներ կային, բացահայտված են և այս պահին հավելյալ ինֆորմացիա չեմ կարող տալ»,- ասաց նա:


