շաբաթ, սեպտեմբեր 19
19 / 9 / 2026
Բունդեսվերի ղեկավար Բրոյերը հավակնում է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախագահի պաշտոնին

Բունդեսվերի ղեկավար Բրոյերը հավակնում է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախագահի պաշտոնին

Գերմանիայի բարձրագույն զինվորական, Բունդեսվերի գլխավոր տեսուչ, գեներալ Կարստեն Բրոյերն առաջադրվել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախագահի պաշտոնում։ Կոմիտեի նոր ղեկավարի ընտրությունները կկայանան շաբաթ օրը՝ Կոպենհագենում, փոխանցում է DW-ն։6

61-ամյա Բրոյերը պաշտոնի համար կմրցի Կանադայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Մարի-Աննաբել Ջենի Կարինյանի հետ։

Ներկայումս ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ղեկավարում է իտալացի ծովակալ Ջուզեպե Կավո Դրագոնեն։ Առաջիկա քվեարկության արդյունքում ընտրված ղեկավարը նրան կփոխարինի 2027 թվականի հուլիսին։

Ռազմական կոմիտեն Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրագույն ռազմական մարմինն է, որը կապ է ապահովում ՆԱՏՕ-ի քաղաքական ղեկավարության և կազմակերպության ռազմական կառույցների միջև, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրում ռազմական հարցերով։

Կոմիտեի նախագահը ՆԱՏՕ-ում ամենաազդեցիկ ռազմական դեմքերից մեկն է՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատարի (SACEUR) հետ մեկտեղ։ Այդ պաշտոնն այժմ զբաղեցնում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը։

Բրոյերը որպես գլխավոր տեսուչ Բունդեսվերը ղեկավարում է 2024 թվականից։ Մինչ այդ նա տարբեր հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել Գերմանիայի զինված ուժերում և մասնակցել միջազգային առաքելությունների։

  • Կիսվել: