Բժշկի և ուսուցչի աշխատավարձը չբարձրացնելուց առաջ սեփական աշխատավարձը բարձրացնելն անբարոյական է. Փստանջյան
«Դուք, լինելով աղքատ քաղաքացիների վարչապետ, նախարար և փոխնախարար, ինչպե՞ս եք ձեր աշխատավարձը 1,5 մլն դարձնում, ուսուցչինը թողնում 100-150 հազար դրամ, երբ հենց այդ աշխատավարձով աշխատող մանկավարժները դաստիարակեցին այնպիսի սերունդ, որն ապրիլին կանգնած էր սահմանին»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերի բարձրացմանը:
Ըստ Փոստանջյանի՝ «մինչև նախ և առաջ չբարձրացնեն ուսուցիչների և բժիշկների աշխատավարձը, եթե մի պաշտոնյա կգա ու կասի, որ պետք է իր աշխատավարձը բարձրացնեն, ապա նա ուղղակի կլինի անբարոյական»:
Իրավապաշտպանը նաև անհամոզիչ համարեց կոռուպցիայից խուսափելու պատճառաբանությամբ աշխատավարձերի բարձրացումը: