Բրյուսելում հնարավորություն ունենք փոխադարձաբար գնահատել կողմերի անկեղծությունը. Փաշինյան
Գրանադայի քառակողմ և երկկողմ հայտարարությունների մեջ տարածաշրջանային խաղաղության համատեքստում արձանագրվել են այն երեք հիմնական հենասյուները, որոնք մենք արդեն իսկ պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նկատելով, որ դրանք արտահայտված են Շառլ Միշելի` 2023 թ. մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարությունների մեջ:
«Դրանք հրապարակային փաստաթուղթ են. Գրանադայի իմաստն այն է, որ այդ սկզբունքներն արդեն եռակողմ և ավելի լայն ֆորմատով քննարկվեն և ընդունվեն: Գրանադայում այդպես ստացվեց, հիմա մենք հնարավորություն ունենք փոխադարձաբար կողմերի անկեղծությունը գնահատել:
Հիմա եթե մենք Բրյուսելում հանդիպենք, ինչի նախնական հրապարակային պատրաստակամությունը և Ադրբեջանն է հայտնել, և մենք, գնանք, այնտեղ այդ երեք սկզբունքներն արձանագրենք, դա էլի կնշանակի, որ կողմերը անկեղծորեն ուզում են գնալ խաղաղության, և 70 տոկոս հավանականություն կա, որ մեկ-երկու-երեք ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի, եթե ոչ` մենք այդ դեպքում մտածելու շատ բան կունենանք»,- ասաց նա:



