երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բաքուն պահանջներ չունի Երևանի նկատմամբ, կան պահանջներ Փարիզից. Հաջիև

Բաքուն պահանջներ չունի Երևանի նկատմամբ, կան պահանջներ Փարիզից. Հաջիև

Ադրբեջանի որոշումը՝ չմասնակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Գրանադայում Եվրամիության, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ հնգակողմ հանդիպմանը, չի նշանակում, որ Բաքուն հրաժարվում է Երևանի հետ բանակցություններից։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին սոցցանցում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։

Նրա խոսքով, մերժումը «կապված է Ֆրանսիայի կողմնակալ գործողությունների և ռազմատենչ քաղաքականության հետ, որոնք լրջորեն խաթարում են տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը Հարավային Կովկասում և վտանգում ԵՄ ընդհանուր քաղաքականությունը տարածաշրջանի նկատմամբ»։

Հաջիևը նաև նշում է, որ չնայած պաշտոնական Բաքվի համառ պահանջներին, համաձայնություն ձեռք չի բերվել այս հանդիպմանը Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային տերության մասնակցության վերաբերյալ։

«Միջազգային որոշ լրատվամիջոցներում դա սխալ է ներկայացվում որպես Հայաստանի հետ բանակցելու Ադրբեջանի հրաժարում, ինչը լիովին սուտ է»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանն աջակցել է Իսպանիայի՝ որպես հյուրընկալող կողմ այս ձևաչափին մասնակցելուն։

  • Կիսվել: