հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բաքուն 2016-ին չհասավ իր ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական նպատակներին. Նալբանդյան

Բաքուն 2016-ին չհասավ իր ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական նպատակներին. Նալբանդյան

2016-ի հոկտեմբերի 7-ին Ալիեւի հայտարարությունը վկայում էր նրա մասին, որ եռանախագահները չեն կիսում Ադրբեջանի դիրքորոշումը, ու նաեւ այն մասին, որ եռանախագահների մոտեցումները համահունչ են մեր մոտեցումներին: Այս մասին այսօրՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ՛՛Բանակցային առաջնագծում՛՛ գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ այդ հայտարարության մեջ Ալիեւը նշել էր, որ փակ դռների հետեւում միջազգային միջնորդներն իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը:

Նալբանդյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Ինչպես հասանք այդ հանգրվանին, դա պարզ կդառնա, եթե նայենք, թե ինչպես էին զարգանում բանակցությունները: Մոտ մեկ տարի Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել Մադրիդում 2007-ի նոյեմբերին եռանախագահող երկրների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա: Միայն 2008-ի նոյեմբերին Մայդորֆում կայացած գագաթնաժողովին Ադրբեջանը ստիպված էր ընդունել մադրիդյան փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք:

2008-2011 թթ բանակցությունների արդյունքում մոտ երեք տասնյակ փոփոխություն կատարվեց մադրիդյան փաստաթղթում, որոնք համահունչ էին մեր մոտեցումներին: 2011-ի հունիսին կազայան գագաթնաժողովին ընդառաջ ՄԱԿ-ի եւ Ֆրանսիայի նխագահները ողջունելով ՌԴ նախագահի միջնորդական ջանքերը, կոչ արեցին կողմերին համաձայնել Մադրիդյան փաստաթղթին:

Հակառակ ակնկալիքներին՝ ադրբեջանական կողմը մերժեց, սակայն բանակցությունները փակուղի չմտան: Ավելի շուտ Ադրբեջանն էր իրեն առավել փակուղի մտցնում: Ինտենսիվ բանակցությունները շարունակվեցին, եռանագահող երկրները շեշտում էին, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական պարտադիր ուժ: Նաեւ ընդգծում էին կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման կարեւորությունը՛՛:

Նա նաեւ ասաց, որ 2014-15 թթ. եռանախագահող երկրների եւ հատկապես Ռուսաստանի արտգործնախարարի կողմից տարբեր գաղափարներ առաջարկվեցին՝ միտված փոխընդունելի լուծումներ գտնելուն, որոնք շատ չէին տարբերվում մադիրիդյան փաստաթղթի տարրերից, սակայն ադրբեջանական կողմը դրանք բոլորը մերժեց, իսկ 2016-ի սկզբին Բաքուն ընդհանրապես հրաժարվեց եռանախագահների հետ հանդիպումներից:

Ըստ Նալբանդյանի՝ ձախողվելով բանակցություններում՝ ադրբեջանական կողմը ագրեսիա սանձազերծեց Ղարաբաղի դեմ՝ փորձելով իր մոտեցումները ուժի միջոցով պարտադրել, սակայն նորից ձախողվեց:

Բաքուն այսպիսով, նրա խոսքով, չհասավ ո՛չ իր ռազմական, ո՛չ դիվանագիտական նպատակներին:

՛՛Դրա վատ վկայությունն էին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովները եւ դրանց հաջորդած Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարների հայտարարությունները 2016-ի դեկտեմբերին Համբուրգում եւ 2017-ի դեկտեմբերին Վիեննայում: Այս ամենը նախագահ Սարգսյանի նախագահությամբ մեր դիվանագիտության ձեռքբերումների մասին էին խոսում: Նաեւ Ադրբեջանի այս ձախողումները պատճառ դարձան 2016-ի հոկտեմբերի 7-ի Ալիեւի հայտարարության՛՛,-ասաց Նալբանդյանը:

  • Կիսվել: