շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Օրենքի փոփոխությամբ տեղական ինքնակառավարման մարմիններում կընդլայնվի գնումների գործընթացների օրինականության վերահսկողությունը. ՊՎԾ

Օրենքի փոփոխությամբ տեղական ինքնակառավարման մարմիններում կընդլայնվի գնումների գործընթացների օրինականության վերահսկողությունը. ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 142-Լ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից վերահսկվող գնումների ընթացակարգերի ռիսկերի գնահատման նպատակով ռիսկայնությունը որոշող չափորոշիչների, դրանց կիրառմամբ ռիսկերի գնահատման մեթոդաբանությամբ ընտրանքի իրականացման, վերահսկողության ընթացքում կիրառվող առաջնահերթությունների որոշման կարգի» կիրարկմամբ 2025 թվականի ընթացքում՝ հունիսի 1-ի դրությամբ դիտարկվել են 6878 հանրային գնման ընթացակարգեր: Այդ մասին հայտնում են ՊՎԾ-ից:
 
Միայն 1-ին եռամսյակի ընթացքում դիտարկվել է 3499 գնման ընթացակարգ, որից 1050-ի (առաջնային ռիսկեր պարունակող ընթացակարգերի) նկատմամբ իրականացվել է երկրորդային ռիսկերի գնահատում։ Արդյունքում՝ առավել ռիսկային են գնահատվել 106 ընթացակարգեր, որոնց նկատմամբ լրացուցիչ հսկողություն իրականացնելու վերաբերյալ գրություններ են ներկայացվել պետական կառավարման մարմինների, պետական ոչ առևտրային և 50% ավել պետական մասնակցությամբ գործող կազմակերպությունների ընդհանուր կառավարումն իրականացնող լիազոր մարմիններ։ 2025 թվականի 2-րդ եռամսյակում հունիսի 1-ի դրությամբ իրականացվել է 3379 գնման ընթացակարգի առաջնային ռիսկերի գնահատում: Իրականացված վերահսկողությամբ պատվիրատուներին են ներկայացվել՝ 167 առաջարկություն գնման ընթացակարգերը գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ։ Այդ թվում՝ գնման ընթացակարգերի հրավերների խտրականության կանխարգելման ուղղությամբ՝ 96 առաջարկ, որի արդյունքում իրականացվել են հրավերների տեխնիկական բնութագրերի համապատասխանեցում գնումների օրենսդրության պահանջներին: Բացահայտվել և պատվիրատուներին են ներկայացվել գնումների գործընթացներին մասնակցության իրավունք չունեցող և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց 6 մասնակցության դեպք: Նշված դեպքերով տրվել են առաջարկություններ՝ իրավախախտ ընկերություններին գնումների գործընթացներին մասնակցության իրավունք չունեցող անձանց «սև» ցուցակ ներառելու ուղղությամբ, միևնույն ժամանակ «սև» ցուցակում ընդգրկված ընկերությունների հետ փոխկապակցված 22 ընկերության և վերջիններիս կողմից հանրային գնումների գործընթացներում ունեցած մասնակցության վերաբերյալ նյութերը տրամադրվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու: 2024 թվականի 4-րդ եռամսյակում դիտարկված ընթացակարգերից 65-ի վերաբերյալ ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում պարտադիր հրապարակման ենթակա նյութերը չհրապարակելու կամ թերի հրապարակելու մասին տեղեկատվություն է տրամադրվել պատվիրատուներին՝ համապատասխան կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու նպատակով:
 
2025 թվականի առաջին 5 ամիսներին Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից իրականացված ռիսկերի գնահատման և ստացված հանրագրերի արդյունքում նախաձեռնվել է 18 մշտադիտարկում՝ մնացորդային ռիսկեր պարունակող պայմանագրերի կատարման և կառավարման գործընթացների շրջանակում: Արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիմքով տեղեկանքներ են ներկայացվել ՀՀ վարչապետին, ինչպես նաև ներկայացվել են օրենսդրական բարեփոխումների առաջարկներ: 7 մշտադիտարկման վերաբերյալ կազմված տեղեկատվությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ընթացքը լուծելու համար, որոնց կապակցությամբ բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ:
 
Միևնույն ժամանակ Ծառայության կողմից նախաձեռնվել և իրականացվել է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններ, ինչը նախանշված ռիսկերի պայմաններում ավելի մեծ հնարավորություն կընձեռի նաև տեղական ինքնակառավարման մակարդակում իրականացնելու հանրային գնումների գործընթացների օրինականության ուղղությամբ վերահսկողություն: Նշվածով պայմանավորված՝ փոփոխության կենթարկվի Ծառայության ղեկավարի համապատասխան հրամանով ներդրված գնումների ընթացակարգերի ռիսկերի գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը՝ հնարավորություն ընձեռելով ապահովել գնման գործընթացների առավել արդյունավետ վերահսկողություն նաև տեղական ինքնակառավարման մարմիններում:
 
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:

  • Կիսվել: