հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բանակում գաղափարախոսության փոփոխության ահնրաժեշտություն կա. Քաղաքագետ

Բանակում գաղափարախոսության փոփոխության ահնրաժեշտություն կա. Քաղաքագետ

Քաղաքագետ Հասմիկ Շափաղաթյանի կարծիքով Հայաստանի զինված ուժերում գաղափարախոսության փոփոխություն է անհրաժեշտ, որպեսզի հնարավոր լինի խուսափել ինքնասպանության դեպքերից։

«Ես բանակը մի տեսակ նույնացնում եմ քրեակատարողական հիմնարկի հետ, ինչո՞ւ, որովհետև տղաները գնում, փակվում են զորամասում ու հնարավոր չէ արտաքին աշխարհի հետ շփում. Դուրս գալ, տեսնել հարազատներին, շփվել նրանց հետ։ Տղամարդկանց կոլեկտիվը միշտ էլ հակված է ագրեսիա ստեղծելու», - InfoPort.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետը։

Նա ուսումնասիրել է Իսրայելի բանակը և նշում է, որ այնտեղ զինծառայողներն ազատ են.

«Նայեք Իսրայելի բանակին՝ զինվորներն ազատ են, ազատորեն շփվում են իրենց հարազատների հետ, դուրս են գալիս, տեսակցում են նրանց։ Վստահ են և գիտեն, որ իրենց գործն է հայրենիքին պաշտպանելը, նրանց մոտ բանակը բանտ չէ, ամեն ինչից զրկված չեն, ունեն բարձր տրամադրություն, ագրեսիան էլ է նվազում»։

Նրա խոսքով, զինծառայողների հետ անմիջական շփվող հրամանատարը չի կարող հետևել բոլորի վարքուբարքին, նրանց հոգեբանական վիճակի փոփոխությունների մասին կարող է տեղյակ չլինել։

«Բանակում պետք է ներդնել հոգեբանների ինստիտուտը, թեպետ դժվար է պատկերացնել, որ հայ տղամարդը կարող է կարող է գնալ հոգեբանի մոտ ու իր խնդիրների մասին պատմել։ Բայց պետք է սկսել փոփոխություններ, հակառակ դեպքում այս ամենը ահավոր տխուր է»,- նշում է Հասմիկ Շափաղաթյանը։

Նա ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած կադրային փոփոխությունները պաշտպանական համակարգում, ինչը ըստ քաղաքագետի, կարող է դրական տեղաշարժեր առաջացնել, զսպել որոշներին, սթափեցնել նրանց։ Սակայն, Շափաղաթյանի կարծիքով, պատասխանատվության պետք է ենթարկվի նաև անմիջական հրամանատարական կազմը։

«Առաջին հերթին սպան պետք է հեռացվի, եթե նրա հրամանատարությամբ զորամասում կատարվել է նման ողբերգական դեպք։ Ի վերջո պետք է հասկանալ, որ գործ ունեն տան ճրագների հետ և ոչ թե թնդանոթի մսի։ Դա հանցավոր անտարբերություն է։ Դրա համար պետք է նույնիսկ դատապարտել, ոչ թե միայն պաշտոնանկ անել»,- նշեց նա։

Բացի այդ, ըստ քաղաքագետի, պաշտպանական համակարգի ղեկավարությունը, զինված ուժերի պատասխանատուները պետք է անընդհատ այցելեն զորամասեր և նաև իրենց այցելություններով զգոն պահեն զորամասերի ղեկավարությանը։

«Շատ արագ քայել են պետք ձեռնարկել, ՊՆ պաշտոնյաները պետք է անընդհատ այցեր կազմակերպեն զորամասեր, զորամասերում հրամանատարությունն ու ծառայողները անընդհատ պետք է սթափ լինեն, որ իրենց կարող է ամեն պահի մի պատասխանատու այցելել։ Նրանք անընդհատ պետք է զարկերակի վրա լինեն ու հնարավորինս նվազեցնեն այդ երևույթները», - ասաց Հասմիկ Շափաղաթյանը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ բանակում տեղի ունեցած դեպքերի հետքերով և բարեփոխումների օրակարգով ստեղծվելու է միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Վերջին օրերի դեպքերից հետո ՀՀ նախագահի փետրվարի 18-ի հրամանագրերով պաշտոնանկ արվեցին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը և ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը:

  • Կիսվել: