հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Իմ քայլը» խմբակցության ողջամիտ պատգամավորները պետք է հրաժարվեն դառնալ Խունդկարյանի հանցակիցը․ Բաբաջանյան

«Իմ քայլը» խմբակցության ողջամիտ պատգամավորները պետք է հրաժարվեն դառնալ Խունդկարյանի հանցակիցը․ Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձել է Երվանդ Խունդկարյանի՝ որպես ՍԴ դատավոր հավանական ընտրության և «Իմ քայլը» խմբակցության աջակցությանը։ Նա գրել է․

«Հրաժարվում եմ հավատալ, որ մեր երկրի ժողովրդավարացումն անշրջելի դարձնելու համար պատասխանատու հեղափոխական ուժը պատրաստ է Հայաստանի ժողովրդավարության գերեզմանափորերից մեկին՝ Ա1+ հեռուստաընկերությունը փակելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանից իջեցված քաղաքական հրահանգը դատական կարգով վավերացրած իշխանական կամակատար Երվանդ Խունդկարյանին վստահել մեր մանուկ ժողովրդավարության պաշտպանությունը:

«Իմ քայլը» խմբակցության ողջամիտ և տարիների պայքարի բովով անցած պատգամավորները պետք է իրենց ձեռքը վերցնեն դրության պատասխանատվությունը և հրաժարվեն դառնալ Խունդկարյանի հանցակիցը:

Այդպիսի ընտրությունը էական վնաս է հասցնելու ժողովրդավարական Հայաստանին, Հայաստանի ժողովրդավարացումն անշրջելի դարձնելու մեր միասնական ջանքին և երազանքին»:

  • Կիսվել: