հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԺ նախագահը և ՀՀ-ում ՄԹ դեսպանը կարևորել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը

ԱԺ նախագահը և ՀՀ-ում ՄԹ դեսպանը կարևորել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:

ԱԺ նախագահն ընդգծել է Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը: Նա շեշտել է Ազգային ժողովի դերը կառուցողական քաղաքական երկխոսության զարգացման գործում:

ԱԺ նախագահը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության մասնակցությունը և ֆինանսական աջակցությունը 2019 թ.-ից իրագործվող ՀՀ Ազգային ժողովին օժանդակության «Ժամանակակից խորհրդարան` ժամանակակից Հայաստանի համար» ծրագրին: Այն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում նաև աշխատակազմի փորձագիտական, վերլուծական կարողությունների զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը հավաստիացրել է, որ անկախ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու հանգամանքից` շարունակվելու է CEPA-ով նախանշված ոլորտներում համագործակցությունը Հայաստանի հետ` որպես ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրած և վավերացրած պետություն:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: Այս համատեքստում խոսելով վերջին օրերին սահմանային իրավիճակի սրացումից՝ երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման կարևորությունը:

Կողմերը քննարկել են նաև հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման և ընդլայնման գործում օրենսդիր մարմինների միջև հարաբերությունների ակտիվացման հեռանկարները:

  • Կիսվել: