հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այսօր ոստիկանը չի գնում պատվերի հետևից, այլ գնում է իր իրավասության հետևից, բայց գուցե մի քիչ կաշկանդված․ Անդրանիկ Քոչարյան

Այսօր ոստիկանը չի գնում պատվերի հետևից, այլ գնում է իր իրավասության հետևից, բայց գուցե մի քիչ կաշկանդված․ Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ոստիկանության համակարգում փոփոխություններ նկատում է։

«Գուցե ոստիկանությունն այսօր աշխատում է իներցիայով, բայց ուզենք, թե չուզենք, փոփոխությունները ակնառու են։ Այսօր ոստիկանը չի գնում պատվերի հետևից, այլ գնում է իր իրավասության հետևից գուցե մի քիչ կաշկանդված։ Բայց ոստիկանության համակարգում իրականացվող փոփոխությունները տալու են այդ կաշկանդվածության հաղթահարման հնարավորություն», -այսօր հանձնաժողովի նիստում հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։

Քոչարյանն այս հայտարարությունն արեց հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր կառավարության առաջարկությունը Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնությունը։ Նա տեղեկացրեց, որ իրականացվող փոփոխությունների շրջանակում ոստիկանությունը առաջին անգամ կունենա հնարավորություն կրել նոր համազգեստ, ունենալ նոր սպառազինություն և հանդես գալ նոր կերպարով։

«Հասարակության հետ ոստիկանի շփումները կլինեն այնպիսին, որ ոչ մեկի մոտ կասկած չի առաջանա ոստիկանի հրահանգների նկատմամբ, եթե մի անգամ ոստիկանն ասում է մի արա, ուրեմն պետք է չանել դա, մարդը չի քննարկելու, թե քաղաքական պատճառ կա ու պախկվի քաղաքական տեքստերի տակ», -հայտարարեց Քոչարյանը։

 

  • Կիսվել: