ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այսօր մեր գերխնդիրն է անել հնարավոր ամեն բան, որ արցախահայությունը չզրկվի ճակատագրով իրեն վիճակված մայր հայրենիքից․ Անդրանիկ Քոչարյան

Այսօր մեր գերխնդիրն է անել հնարավոր ամեն բան, որ արցախահայությունը չզրկվի ճակատագրով իրեն վիճակված մայր հայրենիքից․ Անդրանիկ Քոչարյան

Աշխարհի ոչ մի ժողովուրդ պատերազմ չի սիրում, չկա նաև այնպիսի ժողովուրդ, ով չհարգի իր ազատագրական պատերազմը, եթե պատերազմը քոնն է, խաղաղությունն էլ քոնը կլինի։ Վազգեն Սարգսյանի խոսքերով ԱԺ-ում իր ելույթը սկսեց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով՝ պատահական չէ, որ իր ելույթը սկսեց  Սպարապետի  90-ականների իրականությունը փաստողայս խոսքերով.

«Այսօր էլ մերօրյա իրականությունը հեռու չէ պատերազմ ու խաղաղություն, քույր ու եղբայր հանդիսացող հավերժական գաղափարների ու ազատության պայքարի ներկայությունից: Խաղաղության ամենահուսալի երաշխավորը ազգային ներուժի գործածումն ու սեփական ուժերին ապավինելն է: Արցախցին հազարամյակներ շարունակ ապրել է իր հողում՝ Արցախում, ընտելացած է ու սովոր այդ հողին, բնության բոլոր տրամադրությունների ու կանոնների հետ ապրելուն, կապված է իր ծննդավայրին նաև հուզական ու խորը արմատներով: Ինչպես ամեն ծառ իր միջավայրն ունի ու վեր խոյանալու համար պատրաստ է ծակել ցանկացած քար ու ապառաժ, այնպես էլ արցախցի մարդն է ծառի արմատների պես տոկուն, որ ապրելու համար պատրաստ է հաղթահարել ամեն արգելք: Ամեն մարդ իր միջավայրն ունի ու այդ վայրն այնպիսինը պետք է լինի, որ ոչ թե կյանք առնես ու հեռանաս, այլ մնաս, ապրես, արարես ու միշտ ուզենաս հետ վերադառնալ: Այսօր մեր գերխնդիրն է անել հնարավոր ամեն բան, որ արցախահայությունը չզրկվի ճակատագրով իրեն վիճակված մայր հայրենիքից: Այսօր արցախահայությունը պետք է զգա, որ մենակ չէ: Բոլոր քաղաքական գործողություններից պետք է զգա մի քանի կիլոմետր այն կողմ գտնվող իր հայրենակիցների անհանգստությունը, սերը և աջակցելու պատրաստակամությունը: Մենք պետք է հաղթահարենք անտարբերությունը, անկեղծությունը դարձնենք գերակա: Մեզ մնում է գիտակցենք այս ամենն ու ամուր կամք դրսևորենք՝ չտրվելով ներքաղաքական ու արտաքին քաղաքական սադրանքներին»:

Ըստ Քոչարյանի՝ մենք պարտավոր ենք ունենալ ուժեղ բանակ.

«Պատերազմը չի լինում միայն զենքով, պատերազմը նաև լինում է այսպիսին, այն նաև տնտեսությունն է, կրթությունն է, մշակույթն է: Մենք մեր ազգային ներուժի ամբողջության մեջ պետք է գտնենք ամեն ինչ, մեր ներուժի բովանդակությունը պետք է հասկանանք ու  միայն այդ դեպքում կկարողանանք այնպիսի ուժ ունենալ ու այնպիսի պատնեշ ստեղծել, որ ոչ մի հակառակորդ չկարողանա այն հաղթահարել»:

  • Կիսվել: