Այսօր երթ չի լինելու, վաղը առավոտյան ութից սկսվում են անհնազանդության ակցիաները, իսկ երեկոյան՝ հանրահավաքը. Թևանյան
Նիկոլ Փաշինյանը կեղծ թեզ է տարածում, թե իբր ինքը ինքնիշխանության կողմնակիցն է: Տո ա՛յ ծայրագավառ, դու Թուրքիայի ծայրագավառն ես ու քո ծայրագավառությամբ մի՛ դատիր ուրիշների մասին: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Մայր Հայաստան՛՛ դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:
Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք հանուն Հայաստանի ու մեր երեխաների անվտանգության համար ենք ելել ոտքի: Մեր անելիքը հետեւյալն է լինելու՝ մենք անելու ենք ճիշտ հակառակը, ինչ Նիկոլն է անում. վերականգնելու ենք մեր դաշնակցային հարաբերություններն Իրանի եւ Ռուսաստանի հետ, Արեւմուտքի հետ նորմալ հարաբերություններ ենք հաստատելու, թույլ չենք տալու, որ Հայաստանի անկախության ու ինքնիշխանության հաշվին աշխարհաքաղաքական կռիվներ գնան այս տարածաշրջանում: Այ սա՛ ենք անելու: Չենք պառակտելու մեր հանրությանը, տնտեսություն ենք զարգացնելու եւ քո նման ծայրագավառներին պետությանը մոտ չենք թողնելու՛՛:
Թեւանյանը բոլորին կոչ արեց վաղը առավոտյան ժամը 8-ին նորից փողոց դուրս գալ՝ անհնազանդության ակցիաների: Նա նշեց, թե որ հասցեներից են սկսելու ակցիաները՝ Աջափնյակում Մարզահամերգային համալիրի դիմաց, Շենգավիթում՝ Գարեգին Նժդեհի հրապարակ, Էրեբունիում՝ Սասունցի Դավթի արձանի մոտ, Կենտրոնում՝ Կրկեսի խաչմերուկ, ՛՛Երիտասարդական՛՛ մետրոյի մոտ, Արաբկիրում՝ Սուրբ Խաչ եկեղեցու մոտ, Կայան փողոցում ՛՛Երեւան Սիթի՛՛-ի դիմաց, Զեյթունում՝ ՛՛Երեւան սիթիի՛՛ դիմաց, Նոր Նորքում Գայի արձանի հարակից հատված, Մալաթիա-Սեբաստիայում՝ Անդրանիկի արձանի մոտ:
՛՛Ես առաջարկում եմ վաղը այցելել բուհեր եւ հասկանալ, թե այս ղեկավարությունն ինչ է ուզում ուսանողներից: Կգնանք, կզրուցենք, ուսանողների հետ կշփվենք եւ միասին կիրականացնենք աշխատանքները՛՛,-ասաց Թեւանյանը՝ չհստակեցնելով ժամը:
՛՛Հաջորդ գործողությունը՝ վաղը ժամը 13.30-ին, ով որտեղ գտնվում է, ավտոմեքենայով իրականացնում ենք 10 րոպեանոց ՛՛քշադուլ՛՛: Այսինքն՝ կանգնեցնում ենք մեքենան այնտեղ, որտեղ կա, եւ 10 րոպե չենք վարում մեքենան: Եթե ամբողջ քաղաքն այդ կոչն իրականացնի, ոստիկանությունն այդքան էվակուատոր չունի, այդքան ոստիկան չկա: Եվ երեկոյան ժամը ուղիղ 19-ին հանրահավաք է Հանրապետության հրապարակում՛՛,-նշեց Թեւանյանը:
Նա նաեւ նշեց, որ այսօր երթ չի լինելու, մարդիկ պետք է հանգստանան, որ առավոտյան սկսեն բողոքի անհնազանդության գործողությունները: