ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այս ընտրությունները ցույց տվեցին ժողովրդավարության անշրջելիությունը Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

Այս ընտրությունները ցույց տվեցին ժողովրդավարության անշրջելիությունը Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

Նախ ուզում եմ Տիգրան Ավինյանին շնորհավորել Երևանի քաղաքապետ ընտրվելու առիթով. սա իսկապես շատ մեծ պատասխանատվություն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի նորընտիր քաղաքապետի երդման արարողության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա, իսկապես, շատ մեծ պատասխանատվություն է ո՛չ միայն Տիգրան Ավինյանի համար, ո՛չ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար, այլև բոլոր այն մարդկանց համար և այն մարդկանց առաջ, որոնք մասնակցել են Երևանի ավագանու ընտրություններին, արտահայտել են դիրքորոշում։ Անկախ նրանից, թե մարդիկ ում օգտին են քվեարկել, նրանք մի ակնկալիք են ունեցել՝ տեսնել ծաղկուն  Երևան և տեսնել երջանիկ երևանցի։ 

Սա թվում է, թե բարդ, բայց կատարման համար անխուսափելի խնդիր է և այս խնդիրը լուծելը ամենևին էլ միայն քաղաքապետի գործը չէ, այլ նաև Երևանի ավագանու ամբողջ կազմի։ Ուզում եմ նաև շնորհավորել Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով խմբակցություն ձևավորած բոլոր կուսակցություններին և մաղթել նրանց պտղաբեր աշխատանք՝ հանուն Երևանի և երևանցիների», - ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս ընտրությունները մի շատ կարևոր բան ցույց տվեցին՝ ժողովրդավարության անշրջելիությունը ՀՀ-ում. «Ընտրական ամբողջ գործընթացն անցավ, իհարկե, լարված, բայց ժողովրդավարական էությունը որևէ կերպ չստվերվեց։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Շատ կարևոր է նաև արձանագրել, որ այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին մեր անբեկանելի հավատարմությունը  2018 թվականի թավշյա, ոչ բռնի հեղափոխության արժեքներին, որի առաջնային նպատակը ժողովրդին, ՀՀ քաղաքացուն օժտելն էր անբեկանելի իշխանությամբ՝  ձևավորելու ինստիտուտներ։ Այս ընտրությունները ապացուցեցին այդ տրամաբանության անշրջելիությունը Հայաստանում»,- ընդգծեց Փաշինյանը:

  • Կիսվել: