հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ հրավիրել

Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ հրավիրել

ՀՅԴ գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում է ԱԺ հատուկ նիստ հրավիրել:

Հայտարարության մեջ ասվում է.

«Երկիրը կանգնած է դժվարին մարտահրավերների առջեւ: Համավարակը, տնտեսական խորացող ճգնաժամը, ահագնացող սոցիալական հիմնախնդիրները լրջագույն սպառնալիք են պետության ու ժողովրդի, ներքին ու արտաքին անվտանգության համար: Կառավարության քայլերը կա՛մ անարդյունավետ են, կա՛մ ուշացած, իսկ հաճախ՝ նաեւ սխալ: Բոլոր ուղղություններով առկա է ճգնաժամ: Այս ընթացքը կարող է հանգեցնել համընդհանուր աղետի ու անդառնալի կորուստների:

Իբրեւ առաջնային մանդատ ունեցող քաղաքական մարմին` Ազգային ժողովն անմիջական պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված վիճակի համար, ուստի պետք է այս ծանր պահին զերծ մնա անօգուտ, ժամանակավրեպ օրակարգերից եւ զբաղվի երկրի համար թիվ մեկ հարցով։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, փաստելով  կառավարության ձախողումն ու անկարողությունը՝ պահանջում ենք մինչեւ ներկայիս արտակարգ դրության ժամկետի ավարտը գումարել Ազգային ժողովի հատուկ նիստ` հետեւյալ օրակարգով՝

քննարկել եւ ամբողջական գնահատական տալ առկա իրավիճակին,

սկսած թիվ մեկ պատասխանատու վարչապետից՝ պատասխանատվության կանչել ձախողած բոլոր պաշտոնատար անձանց,

գտնել ճգնաժամից դուրս գալու լուծումներ, որոնք արագ եւ արդյունավետ ձեւով կկասեցնեն համավարակի տարածումը եւ կկանգնեցնեն տնտեսության փլուզումը:

Երկրի եւ ժողովրդի շահը վեր է ամեն ինչից։ Պահի լրջությունը պարտադրում է բոլոր ջանքերը նպատակաուղղել աղետի կանխմանը:

Իշխանությանը եւս մեկ անգամ կոչ ենք ենք անում սթափվել եւ առաջնորդվել համազգային շահերով։

Դուք եք իրավիճակի հետագա վատթարացման միակ մեղավորն ու պատասխանատուն՝ բոլոր հնարավոր հետեւանքներով»:

  • Կիսվել: