երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այս տարվա հուլիսի վերջից Ռուսաստանի կողմից նոր գաղափարներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Այս տարվա հուլիսի վերջից Ռուսաստանի կողմից նոր գաղափարներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ խոսնակ

«Այս տարվա հուլիսի վերջից ՌԴ կողմից նոր գաղափարներ չեն եղել», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ չմանրամասնելով, թե այդ ժամանակ ռուսական կողմն ի՞նչ առաջարկներ էր փոխանցել Հայաստանին ու Բաքվին։

Հուլիսի 21-ին Երևանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը։ 4 օր անց Մոսկվայում եռակողմ բանակցություններ անցկացրեցին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։ Այդ հանդիպումից հետո Սերգեյ Լավրովը հայտարարեց՝ այս տարվա ընթացքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողով անցկացնելու ծրագրի մասին, որը մինչև հիմա չի կայացել։

Իսկ Ադրբեջանի արտգործնախարարի հետ երկկողմ հանդիպման ընթացքում Լավրովը հայտարարել էր՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների քննարկման համար մի շարք փաստաթղթեր են պատրաստվում՝ ի լրումն մինչ օրս ստորագրված հայտարարությունների։ Բայց այդ փաստաթղթերի բովանդակությունն էլ մինչև օրս չի հրապարակվել։

Նոր առաջարկների մասին RBC-ի հետ զրույցում օրերս ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն էր ասել, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Մոսկվան գաղափարներ ու տեսակետներ է առաջարկել Երևանին և Բաքվին։ Ռուսաստանի արտգործնախարարի ԱՊՀ հարցերով տեղակալը չէր հստակեցրել ռուսական առաջարկների բովանդակությունը։ Միայն երկու հարցի վրա էր ծանրացել, որ Մոսկվան անհրաժեշտ է համարում խաղաղության համաձայնագրում հստակ արձանագրել Ղարաբաղի հայկական բնակչության իրավունքների և անվտանգության թեման, և որ խաղաղության պայմանագրի հետագա իրագործմանը նպաստելու համար անհրաժեշտ են Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխանությանն ու անկախությանը չվնասող մեխանիզմներ։

 

  • Կիսվել: