հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այս պատերազմը, հավանաբար, կլինի շատ երկար եւ շատ դաժան.  Զարեհ Սինանյան

Այս պատերազմը, հավանաբար, կլինի շատ երկար եւ շատ դաժան. Զարեհ Սինանյան

«Արցախի եւ Հայաստանի սահմաններում արդեն 15 օր պատերազմ է, եւ խաղադրույքը մեր գոյության խնդիրն է: Թուրքիան նպատակադրվել է ավելի քան մեկ դար առաջ սկսած հայերի ցեղասպանությունն ավարտին հասցնել», այսօր կայացած ֆեյսբուքյան տեսակոնֆերանս-ուղերձի ժամանակ ասաց ՀՀ Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ մանրամասն ներկայացնելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը՝ վարձկանների միջոցով, թիրախավորել են նաեւ հայկական երկու պետությունների քաղաքացիական ենթակառուցվածքները, խաղաղ բնակչությանը, հոգեւոր-մշակութային ժառանգությունը, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշին գտնվում են մշտական հրթիռակոծության տակ, Հայաստանի Հանրապետության Վարդենիս քաղաքն է պատերազմի առաջին իսկ օրերին թիրախավորվել, ապա Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի երկու գյուղեր, եւ որ այս ամենի արդյունքում Արցախում եւ ՀՀ-ում ունենք հարյուրավոր զոհեր, վիրավորներ, գրում է Aravaot.am-ը:

Նա խոսեց նաեւ լրագրողներին, մասնավորաբար, արտասահմանյան լրատվամիջոցների լրագրողներին թիրախավորելու մասին: Ասաց նաեւ, որ հստակ է՝ վարձկանները Սիրիայից են տեղափոխվել հայկական պետությունների դեմ կռվելու համար՝ փաստելով, որ ՀՀ-ն եւ ԱՀ-ն պայքարում են ոչ միայն իրենց հայրենիքի համար, այլ ընդդեմ միջազգային ահաբեկչության, եւ որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող պատերազմական հանցագործությունները լրջորեն սպառնում են տարածաշրջանի կայունությանը: Տեսակոնֆերանս-ուղերձն ուղղված էր Սփյուռքի մեր հայրենակիցներին:

Զարեհ Սինանյանն ասաց նաեւ, որ տարբեր երկրներում հայկական սփյուռքի ներկայացուցիչներն իրենք կգտնեն հայկական պետություններին սատարելու առավել արդյունավետ տարբերակները՝ ցույցեր, բողոքի երթեր եւ այլն: Ասաց նաեւ, որ սփյուռքի հանձնակատարի գրասենյակը շարունակում է համակարգել սփյուռքահայերի կողմից Արցախին եւ Հայաստանին տրամադրվող օգնությունը: Նա հորդորեց՝ առանձին դրամահավաքներ չկազմակերպել, բոլոր դրամական օգնություններն ուղղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակներով՝ նվիրատվություն անելով https://www.himnadram.org/hy/ կայքի միջոցով: Հորդորեց հիմնվել բացառապես պաշտոնական լրատվության վրա եւ հնարավոր բոլոր առիթներով բարձրաձայնել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ահաբեկիչների ներգրավման եւ իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին: Օգտատիրոջ հարցին՝ ի՞նչ չափի օգնություն է տրամադրվում Ռուսաստանի հայ համայնքի կողմից, Սփյուռքի հանձնակատարը պատասխանեց, որ բավական կազմակերպված կերպով ռուսաստանաբնակ հայերը տրամադրում են տարատեսակ օգնություն՝ բժշկական սարքավորումներից մինչեւ կամավորական խմբեր, որոնք այստեղ տարբեր աշխատանքներում են ներգրավված: Նաեւ ֆինանսական մեծ օգնություն են տրամադրում: Համայնքը լավ աշխատում է, նվիրատվություններ են լինում նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Այս պատերազմը, հավանաբար, կլինի շատ երկար եւ շատ դաժան: Ադրբեջանը, Թուրքիան տրամադրված են նվազագույնը՝ ազատվել Արցախում հայկական ներկայությունից: Դա փաստ է: Մենք դրա հետ երբեւէ չենք հաշտվի, մենք պաշտպանելու ենք մեր հայրենիքը: Այնպես որ, կարծում ենք, ժամանակավոր հրադադարից հետո Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ կսկսի, եւ մենք ձեր երկարատեւ օգնության կարիքն ենք ունենալու»,- ասաց Զարեհ Սինանյանը՝ հորդորելով հոգեբանորեն տրամադրվել առավել երկարատեւ ընթացքում Հայաստանին օգնելու համար:

  • Կիսվել: