հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Այս պահից սկսած ձեր բոլոր հոգսերն ու խնդիրները ես համարում եմ իմը․ Վարդենիսի  քաղաքապետը երդվեց համայնքապետարանի բակում

Այս պահից սկսած ձեր բոլոր հոգսերն ու խնդիրները ես համարում եմ իմը․ Վարդենիսի քաղաքապետը երդվեց համայնքապետարանի բակում

Վարդենիսի նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը տեղի ունեցավ համայնքապետարանի բակում, քանի որ ոստիկաններն այդպես էլ չթույլատրեցին ավագանու անդամների մուտքը համայնքապետարանի շենք:

«Սիրելի վարդենիսցիներ,  Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրության, ինչպես նաեւ երդմնակալության  ընթացքում ստեղծվեցին բազմաթիվ արհեստական խոչընդոտներ, բայց ինչպես տեսնում եք` մեր թիմն իր նպատակին հասնելու ընթացքում հաղթահարեց այդ խոչընդոտները, չընկրկեց ոչ մի դժվարության առաջ, վստահեցնում եմ ձեզ, որ ավելի նվիրումով ու ոգեւորությամբ կյանքի ենք կոչելու բոլոր ծրագրերը, չենք կանգնելու ոչ մի դժվարության առաջ: Ծառայելու ենք մեր  հայրենիքի պաշտպանությանը: Սիրելի ժողովուրդ, այս պահից սկսած ձեր բոլոր հոգսերն ու խնդիրները ես համարում եմ իմը: Վերականգնելու եմ հասարակական համերաշխությունը, Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչներին չեմ բաժանելու գյուղաբնակների եւ քաղաքաբնակների եւ ամեն ինչ անելու եմ, որպեսզի տիրի համերաշխությունը, հասարակական համախմբվածության մթնոլորտ: Մեր համայնքը շենացնելու ենք միասին»,-ասաց նորընտիր համայնքապետը:

Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը արդենիսի համայնքապետարանի բակում մակագրեց նորընտիր քաղաքապետի երդմնակալության նիստի արձանագրությունը:

Նորընտիր  ավագանու անդամները ծափերով ողջունեցին աշխատակազմի ղեկավարին եւ բացականչեցին՝ «Ապրի Զարոյանը»

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։

  • Կիսվել: