կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալիևը ցեղասպանություն է իրականացնում և փորձում է ժխտել ցեղասպանությունը. կոնգրեսական լսումներ՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Ալիևը ցեղասպանություն է իրականացնում և փորձում է ժխտել ցեղասպանությունը. կոնգրեսական լսումներ՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի է ունեցել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ կոնգրեսական լսումներ, որին մասնակցել է նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է Արցախի 120․000 տեղաբնիկ քրիստոնյա հայերի ցեղասպանության մեջ մեղսակցության համար։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

Օկամպոն նաև նկատել է՝ նախագահ Բայդենը կամ պետքարտուղար Բլինքենը կարող են Ալիևից պահանջել անմիջապես և անվերապահորեն վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, եթե ոչ՝ ապա Ալիևին համարեն ցեղասպանության համար պատասխանատու, ինչն, իհարկե, բազմաթիվ հետևանքներ կունենա։

Օկամպոն հանգամանորեն հակադարձել է այն փաստարկներին, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները կարող են խոչընդոտվել, եթե Արցախում իրականացվող քաղաքականությունը պատճաճ կերպով բնութագրվի որպես ցեղասպանություն՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի 260-օրյա շրջափակումը: «Բանակցությունը ցեղասպանի և նրա զոհերի միջև է։ Դուք չեք կարող բանակցություններ հայցել Հիտլերի և Օսվենցիմում գտնվող մարդկանց միջև: Դա բանակցություն չէ։ Դուք պետք է դադարեցնեք օսվենցիմը, ապա քննարկեք բանակցությունները: Եվ կարծում եմ՝ այստեղ է գաղտնիքը։ Հաշվի առնելով, որ նախագահ Ալիևը ցեղասպանություն է իրականացնում և փորձում է ժխտել ցեղասպանությունը, ապա ցեղասպանությունը ժխտելուն ուղղված ԱՄՆ-ի քաղաքականությունը կարող է մեղսակցություն համարվել»,- հայտարարել է Օկամպոն։

 

Արձագանքելով միջազգային իրավունքի հեղինակավոր մասնագետին՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Այսօրվա լսումները նախագահ Բայդենի և հանրության ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքին, որ համաձայն ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի ոգու և տառի, նա մեղսակից է Արցախի 120․000 բնիկ քրիստոնյա հայերի դեմ Ադրբեջանի ցեղասպանությանը։

Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթը, որը մարդու իրավունքների պաշտպանության մեծ ջատագով է և էական ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, շարունակել է քննադատել ամերիկյան պաշտոնյաներին՝ լսումներին չմասնակցելու համար։ Սմիթը մասնավորապես նշել է․ «Այս նիստը երկու դատարկ աթոռ ունի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի և USAID-ի (Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության): Ես խնդրեցի, որ նրանք երկուսն էլ մասնակցեն այս նիստին: Չնայած հեռախոսով և էլեկտրոնային փոստով բազմակի խնդրանքներին՝ ոչ մեկը չպատասխանեց: Նույնիսկ ոչ մի արձագանք: 1995 թվականից ի վեր ես նախագահել եմ հարյուրավոր լսումներ՝ Պետդեպարտամենտի կամ USAID-ի ներկայացուցիչների հետ: Սա բացարձակ անպատասխանության եզակի դեպք է»։

Լսումների ժամանակ ելույթ է ունեցել նաև Կոլումբիայի համալսարանի Արցախի վայրագությունների ծրագրի տնօրեն և Ջորջթաունի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիպսը, որը նույնպես քննադատել է ԱՄՆ նախագահին, ներկայացրել է Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական վայրագությունները և Ադրբեջանի ու դրա բարձրագույն ղեկավարության դեմ ամերիկյան կոնկրետ պատժամիջոցների կիրառման կոչ է արել։ Ֆիլիպսը քննադատել է միջազգային հանրությանը Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու համար՝ նկատելով․ «Միջազգային հանրությունը չկարողացավ պատժամիջոց կիրառել 2016 և 2020 թվականների պատերազմներից հետո՝ հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ: Միջազգային հանրության այդ ձախողումն ուղերձ էր Ադրբեջանի կառավարությանը, որ նա կարող է գործել անպատիժ և խուսափել մարդկության դեմ իր հանցագործությունների, էթնիկ զտումների  ու ցեղասպանության համար պատժից»։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը տարբեր ուղղություններով՝ այդ թվում ամերիկահայ համայնքի մոբիլիզացիայի միջոցով, շարունակում է ամերիկյան իշխանության գործադիր թևի վրա ճնշումը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման, Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի պահանջների վերականգման, Հայաստանին ու Արցախին ամերիկյան շոշափելի օժանդակության և այլ ուղղություններով։

  • Կիսվել: