կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից հայ զինվորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքին

ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից հայ զինվորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքին

ԱՄՆ Պետդեպարտամենտը «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia» տարեկան զեկույցում անդրադարձել է 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանցիների կողմից հայ զինվորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքին։

«2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած մարտերի վերաբերյալ IPHR-ի (Միջազգային գործընկերություն հանուն մարդու իրավունքների) սեպտեմբերյան զեկույցում կազմակերպությունը, հիմնվելով զինվորների դիակների տեսագրությունների և լուսանկարների վրա, հայտարարել է, որ կան «ողջամիտ հիմքեր՝ եզրակացնելու», որ հայ զինվորները ենթարկվել են դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգումների ադրբեջանցի զինվորների կողմից։ Վկայաբերելով հայ զինվորականների խոշտանգված մարմինների տեսանյութերն ու լուսանկարները՝ IPHR-ն ընդգծել է  նման խոշտանգումների «սեքսուալ և գենդերային առանձնահատկությունները» և եզրակացրել, որ կան «ողջամիտ հիմքեր ենթադրելու, որ հայ զինվորականները ենթարկվել են (դաժան, անմարդկային կամ ստորացուցիչ  վերաբերմունքի» և խոշտանգումների՝ Ադրբեջանի զինված ուժերի գերության տակ գտնվելու ժամանակ»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում։

Զեկույցի համաձայն, IPHR-ի սեպտեմբերյան զեկույցում, հղում անելով տեսագրություններին, «պնդում է արվում, որ «ողջամիտ հիմքեր կան ենթադրելու», որ 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած մարտերի ընթացքում  «ադրբեջանական զինված ուժերը հայ զինվորների արտադատական ​​մահապատիժներ են իրականացրել»։

Պետդեպարտամենտի զեկույցում  ընդգծում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «բազմամյա հակամարտության» ընթացքում շարունակվել են առանձին մարտական գործողությունները, որոնք հանգեցրել են քաղաքացիական զոհերի:

«Մեկ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը հարվածներ է հասցրել Հայաստանի տարածքում գտնվող ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Արարատի մարզի Երասխ գյուղում մետալուրգիական գործարանի շինհրապարակին՝ ծանր վիրավորելով երկու քաղաքացիական աշխատողի»,- նշվում է փաստաթղթում։

Միաժամանակ ընդգծվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ ներկայացված բողոքները, որոնք  2020 և 2016 թվականների ռազմական գործողությունների ժամանակ վայրագություններ կատարելու փոխադարձ մեղադրանքներ են պարունակում, սպասում են դատարանի վճռին, ինչպես նաև «Հայաստանի բողոքները 2022 թվականի սեպտեմբերին միջազգային սահմանի երկայնքով  և Հայաստանի ներսում լուրջ ռազմական գործողություններից հետո»։

Նշվում է նաև, որ Հայաստանը «որևէ առաջընթացի չի հասել 2020 թվականին Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների ժամանակ հայերեն խոսող հանցագործների իրականացրած ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետաքննության գործում»։

«Որևէ տեղեկություն չի ստացվել 2020 թվականի աշնան ինտենսիվ մարտերի ժամանակ հայերեն խոսող հանցագործների գործողությունները քննելու համար 2020 թվականին Հայաստանի իշխանությունների կողմից «զինված հակամարտությունների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների» մեղադրանքով հարուցված վեց քրեական գործի մասին։ Վեց դեպքից չորսը վերաբերում էր ենթադրյալ սպանության, խոշտանգումների  և անմարդկային վերաբերմունքի, մեկը՝ ենթադրյալ սպանության և խոշտանգումների, իսկ մեկը՝ ենթադրյալ սպանության: 2021 թվականին կառավարությունը բոլոր վեց գործերը համախմբեց մեկ քրեական վարույթում։ Հետաքննությունը շարունակվել է մինչև տարեվերջ»,- ասվում է զեկույցում։

  • Կիսվել: