երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Այս դահլիճում դժվար թե գտնվի որեւէ սուրբ մարդ՝ ես հիասթափված եմ ելույթից. Ալեն Սիմոնյանը՝ Արման Բաբաջանյանին

Այս դահլիճում դժվար թե գտնվի որեւէ սուրբ մարդ՝ ես հիասթափված եմ ելույթից. Ալեն Սիմոնյանը՝ Արման Բաբաջանյանին

Ես հիասթափված եմ իմ գործընկերոջ ելույթից, որովհետեւ չեմ գտնում, որ կարելի է թեկուզ քողարկված, բայց այդքան հաճախ փորձել խոսքը հասցնել վիրավորանքի սահմանին։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին:

«Խոսել կամազրկության մասին մի մարդու մասին, ում թերեւս պարոն Բաբաջանյանը ճանաչում է այստեղ-այնտեղ պտտվող ասեկոսեներից: Եթե հիմնվենք այդ ասեկոսների վրա, այս դահլիճում դժվար թե գտնվի որեւէ սուրբ մարդ, եւ դուք, եւ ես այդ ցուցակում վերջինը չենք:

Այո, բոլորը Հայաստանում աշխատել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանի օրոք: Այս Ազգային ժողովում նույնպես բազմաթիվ մարդիկ կան, որոնք աշխատել են եւ հիմա էլ շարունակում են աշխատել: Եթե ձեր տեքստից հանենք Շաթիրյան ազգանունը եւ դնենք, ասենք որեւէ գյուղի դասատուի անուն, ձեր տեքստի բովանդակությունը չի փոխվի»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա հավելեց, որ Էդգար Շաթիրյանը նախկին իշխանության կողմից չի ընտրվել որեւէ պաշտոնում, որ ծառայություն մատուցի, այլ այն պատճառով, որ իր նման մասնագետ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը տալիս է 5-6 տարին մեկ անգամ:

«Այդպես բոլորին կարելի է բերել, կապել նախկին իշխանության հետ: Հարստացման հետ կապված. ես հասկանում եմ, որ դասախոսը, գիտնականը պետք է սոված, ծարավ, կյանքի վերջում հույսը ինչ-որ օգնությունների վրա դրած անձնավորություն լինի: Հայտարարությունները, որոնք ասեկոսեների վրա են հիմնված, լուրջ չեն: Լուրջ չեն մի մարդու անունից, որը քաղաքական կառույցի անունից է խոսում, որը ելույթի ժամանակ 230 ՀԿ-ի կարծիք է հնչեցնում: Բոլորը չէ, որ կարողացել են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյան ժամանակահատվածում տարբեր  բեւեռների հետ համագործակցել եւ կարողանալ քաղաքական պայքար վարել: Կներեք, բոլորից չէ, որ այդ պահանջը կա: Մարդիկ տարբեր են»,-ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Նա հայտարարեց, որ անձնական միտում է տեսնում Արման Բաբաջանյանի ելույթների մեջ. «Հուսամ, որ ժամանակի ընթացքում հակառակի մեջ կհամոզվեմ»:

Ալեն Սիմոնյանը հույս հայտնեց, որ պատգամավորները կողմ կքվեարկեն Էդգար Շաթիրյանի թեկնածությանը:

  • Կիսվել: