հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Այս անգամ հարցերը չեն լուծվում փողոցում՝ էլիտան կորոշի և կներկայացնի Փաշինյանին. Հակոբյան

Այս անգամ հարցերը չեն լուծվում փողոցում՝ էլիտան կորոշի և կներկայացնի Փաշինյանին. Հակոբյան

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում ոչ միայն քաղական ճգնաժամ է, այլև համակարգային ճգնաժամ՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ու սոցիալական, թե՛ անվտանգային: Այս մասին «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության կողմից հրավիրված «Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը. առանձնահատկությունները և հնարավոր ելքերը» քննարկմանը հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Այսօր Հայաստանում որևէ համակարգ չի աշխատում, բացի ՄԻՊ ինստիտուտից ու գուցե նաև ոստիկանության մի հատվածից, բայց դա էլ կամաց-կամաց կազմաքանդվում է, ինչի մասին վկայում են ուժային համակարգում ֆունկցիոնալ կարևոր դերակատարում ունեցողների հրաժարականները: Այս ամենը ցույց է տալիս, որ ուժային համակարգում էլ կան որոշակի տրանսֆորմացիաներ և ընդդիմադիր հարթակն այսօր հենց դրան էլ փորձում է հասնել: Ըստ էության, մինչ օրս չռադիկալացնելով հարթակը, բայց դանդաղ ճնշման ավելացմամբ, փոքր-ինչ արմատականացնելով պահանջները ընդդիմությունը փորձում է ցույց տալ, որ իշխանության մի մասը անցնում է փողոցին», -նշեց նա:

Ըստ Հակոբյանի՝ Հայաստանում այսօր անիշխանություն է տիրում, քանի որ գործող իշխանությունը կորցրել է, իսկ ընդդիմությունը դեռ չունի իշխանություն, այնպես որ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չեն տիրապետում իրավիճակին: Բայց ընդդիմությունը շանս ունի օր օրի ամրապնդելու իր դիրքերը, որովհետև գործող իշխանությունը չի կարող պահել դրանք:

«Շատ հաճախ այսօրվա իրավիճակը մենք համեմատում ենք 2018 թվականի հետ, կամ նույնիսկ 1988-ի շարժման հետ, բայց այս անգամ, կարծում եմ, մենք աննախադեպ երևույթի հետ գործ ունենք, որը Փաշինյանը անվանում է էլիտար բունտ, բայց այս ամենը հիբրիդային գործընթաց է: Կա համատարած կոնսենսուս այն գաղափարի շուրջ, որ Հայաստանում պարտադիր է արտահերթ ընտրությունների անցկացումը, դրան համաձայն է նաև Փաշինյանի թիմը, բայց խնդիրը նրանում է, թե ո՞վ է կազմակերպելու այդ ընտրությունները: Ի վերջո բոլորը հասկանում են, որ 2018 թվականի նման ընտրություններ անցկացնել չի ստացվի, այն ժամանակ լեգիտիմության խնդիր չկար: Եվ կարծում եմ, որ հենց այդ պատճառով էլ Փաշինյանն այսօր հրաժարական չի տալիս, որպեսզի կարողանա վերահսկել այդ գործընթացը: Այսինքն՝ օգտագործել վարչական ռեսուրսը, ինչը ևս խնդրահարույց է, հաշվի առնելով այն, որ շատ համայնքներ և նույնիսկ մի ամբողջ մարզ՝ Սյունիքը, պահանջում են իր հրաժարականը»,- ասաց Վիգեն Հակոբյանը:

Ըստ բանախոսի, Փաշինյանն այսօր երկու խնդիր է լուծում՝ իր և մերձական շրջապատի անվտանգության և քաղաքական անվտանգության հեռանկարի: Ու մինչ այս գործընթացներն ընթանում են, ընդդիմությունը, ըստ Հակոբյանի, պետք է ուժ-երը կենտրոնացնի այն զանգվածի աջակցությունը ստանալու, որը Փաշինյանին դեմ է, բայց փողոց դուրս չի եկել:

«Ընդդիմությունը ճիշտ չի գործում. Փաշինյանն ունի X քանակությամբ զանգված, որն այս պահի դրությամբ բացարձակ չի ընկալում, թե ինչ է եղել, ինչ է կատարվել երկրում, այլ ընդամենը լսում է այն, ինչ իրեն են ասում: Եվ կա Նիկոլին դեմ մի զանգված, որը դեռ փողոցում չէ, և պետք է աշխատել այդ զանգվածի վրա, փորձել այն բերել փողոց, քանզի մտքափոխել այն մյուս հատվածին անհնար է: Պետք է բացատրել այդ մարդկանց, որ իրենց ներկայությունը վճռորոշ է ու պարտադիր է և իրենցից շատ բան է կախված, որպեսզի նրանք դուրս գան փողոց: Պետք է այդ մեսիջը շատ հստակ հասցվի այդ մարդկանց»:

Միևնույն ժամանակ Վիգեն Հակոբյանը նկլատեց, որ այս անգամ հարցերը չեն լուծվում փողոցում, դրանք լուծվում են ինստիտուցիոնալ կառույցներում: Եվ ամեն ինչ, վստահ է նա, լուծվելու է բանակցությունների միջոցով՝ սկզբից բանակցելու են այսպես կոչված էլիտաները, որոնք այսօր ունեն փողոցի ռեսուրսը, նրանք իրար մեջ պայմանավորվելու են ու գալու է ժամանակ, երբ ինչ-որ մեկը էլիտաների անունից կխոսի Փաշինյանի հետ իշխանության փոխանցման մասին:

«Նման պայմաններում Նիկոլ Փաշինյանը ուղղակի ինքնախաբեւությամբ է զբաղված, հատկապես, երբ խոսում է արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին: Կարծում եմ նա վստահ չէ, որ հաղթելու շանս ունի և դրա համար էլ հիմա փնտրում է այսպես կոչված տրանսֆերային տարբերակ՝ փորձելով լուծել թե՛ իր, թե՛ իր թիմի անվտանգության խնդիրը: Ներկայումս հենց այդ գործընթացն է ընթանում և արդյունքները կլինեն տեսանելի մոտ ապագայում»,- հավելեց Վիգեն Հակոբյանը:

  • Կիսվել: