երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Այն, որ եվրոպական դիտորդները ՀՀ-ում են, չափազանց կարևոր է ՀՀ շուրջ կայունություն ստեղծելու ուղղությամբ. Վահագն Ալեքսանյան

Այն, որ եվրոպական դիտորդները ՀՀ-ում են, չափազանց կարևոր է ՀՀ շուրջ կայունություն ստեղծելու ուղղությամբ. Վահագն Ալեքսանյան

Ինչո՞ւ առաջացավ ԵՄ դիտորդներ տեղակայելու անհրաժեշտությունը հայ-ադրբեջանական սահմանին, որովհետև ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի հետ մեր պայմանագրային բազան փաստացի չաշխատեց, Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը փաստացի չկատարեցին իրենց դաշնակցային պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ հարցին:

«Ավելի հեռու գնալով՝ որոշեցին Հայաստանը նկարագրել որպես գորշ կետ՝ չճանաչված սահմաններով ու չափազանց խոցելի: Ու այդտեղ մեզ համար առաջացավ ՀՀ անվտանգությունը և սահմանների անվտանգությունն ապահովելու նոր մեխանիզմ ձևավորելու անհրաժեշտություն, ու որպես այդ մեխանիզմներից մեկը նաև առաջ եկավ եվրոպական դիտորդներին հրավիրելու տարբերակը»,- ասաց Վահագն Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ եվրոպական դիտորդները առհասարակ իրավիճակի կայունացման գործում շատ մեծ գործ են կատարել:

«Ու վերջին օրերին էլ տեսել եք, որ Ադրբեջանի կողմից կեղծ լուրեր էին տարածվում իբր Հայաստանի կուտակած զորքերի մասին սահմանային ուղղությամբ: Մենք հերքում էինք, բայց միջազգային հանրությունն այս պրոցեսի մասին օբյեկտիվ ինֆորմացիա ստացավ եվրոպական դիտորդների հայտարարությունից, որ նման բան չկա, ու այն դասական իրավիճակը, որը Ադրբեջանին շատ ձեռնտու էր, որ մի կողմն ասաց. մյուսն էլ ասաց, այսպես իրար հակասում էին, այստեղ առաջացավ երրորդ անաչառ կողմ՝ միջազգային հանրության համար վստահելի եվրոպական միության դիտորդական առաքելություն, որի խոսքը մեծ կշիռ ունի: Հենց այդ գործուն քայլը, որ եվրոպական դիտորդները Հայաստանում են, չափազանց կարևոր է ՀՀ շուրջ կայունություն ստեղծելու ուղղությամբ»,- նշեց նա:

  • Կիսվել: