հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Այն, ինչ տեղի է ունեցել իմ տատի հետ, չի կարող լինել պատմաբանների հարցը. Փայլանը` Էրդողանին

Այն, ինչ տեղի է ունեցել իմ տատի հետ, չի կարող լինել պատմաբանների հարցը. Փայլանը` Էրդողանին

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի ընդունման առիթով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությանը:

Փայլանը Twitter-ի իր էջում գրել է. «Էրդողանը Հայոց ցեղասպանության մասին ասում է. «Դա պատմաբանների աշխատանքն է, այս գործին որևէ քաղաքական շապիկ թող չհագցնեն»: Պատմաբանները չեն կարող առերեսվել այն Ցեղասպանությանը, որը Թալեաթ փաշայի քաղաքական որոշմամբ է իրագործվել: Այն, ինչ տեղի է ունեցել իմ տատի հետ, չի կարող լինել պատմաբանների հարցը»:

Հիշեցնենք, որ երեկ Փայլանը անդրադարձել էր ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը և նշել. «Տասնյակ խորհրդարաններից հետո ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Մեր վիշտը այլ խորհրդարանների թեման է դարձել, քան որ իմ երկիրը (Թուրքիան) արդեն 105 տարի է ժխտում է հայ ժողովրդի մեծ եղեռնը: Միակ խորհրդարանը, որը կբուժի հայ ժողովրդի վերքը, դա Թուրքիայի մեջլիսն է, որի անդամն եմ ես»:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը օրակարգ մտցնելու հարցը։

Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 223, դեմ՝ 191-ը։

  • Կիսվել: