շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այն, ինչ կատարվում է Սյունիքում, ուղղակի խայտառակություն է. Քոչարյան

Այն, ինչ կատարվում է Սյունիքում, ուղղակի խայտառակություն է. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ այն, ինչ կատարվում է Սյունիքում, ուղղակի խայտառակություն է։ Այս մասին նա ասաց 3 լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ Անժելա Թովմասյանի (hayeli.am), Սեւակ Հակոբյանի (Yerevan-today) եւ Բորիս Մուրազիի (politik.am) հետ հարցազրույցում:

՛՛Այնտեղ կան հատվածներ, որոնցով ադրբեանցին կարող է իր մեքենայի համարը փոխել, քշել մինչեւ Երեւան, պտտվել եւ հետ գնալ, եւ ոչ մի տեղ նրան չեն կանգնեցնելու եւ հարցնեն, թե դու ով ես, ինչ նպատակներով ես դու այստեղ՛՛,-նշեց Քոչարյանը:

Ըստ նրա՝ սա նորմալ չէ, դա կառավարության առաջին գործառույթն է՝ Սահմանադրությամբ ամրագրված, ինչպես նաեւ պարտավորությունն է։

՛՛Չկա պետություն, որն իր երկրի սահմանները չի պաշտպանում։ Երբ սահմանների պաշտպանությունը փաստացի դրվում է գյուղապետերի վրա, նորմալ երեւույթ չէ։ Երբ այն ժամանակ գյուղապետերը զանգում էին եւ պաշտոնյաներից հարցնում էին՝ ինչ անենք, եկել է ադրբեջանցի զինվորականը եւ մեգաֆոնով ասում է՝ պետք է հետ գնաք այդ դիրքերից։

Չենք ուզում հետ գնալ, վտանգավոր է, այդ բարձունքը կարեւոր է, ասում էին՝ եթե կարող եք, պահեք։ Կարծես պետությունը կապ չունենա, կարծես դու կողքից ինչ-որ բանի երկրպագու ես։ Գյուղապետերն էլ հանկարծ որոշեին, որ պահում են, հետո կոտորվեին, դրա պատասխանն ով է տալու։

Մի՞թե մեր սահմանների պաշտպանությունը օրենքներով, օրենսդրությամբ դրված է գյուղապետերի վրա։ Եթե Շուռնուխում, երբ հայտարարվեց, որ Ադրբեջանի հետ վարչապետի բանավոր պայմանավորվածությամբ, ինչ-որ տներ պետք է հանձնեն, ապա ոչ թե պետք է ադրբեջանցին գա այդ գյուղացուն ասի՝ քեզ 24 ժամ ժամանակ, այլ մեր պաշտոնյան պետք է գնա չոքի այդ գյուղացու առաջ, ներողություն խնդրի, մեր պետությունը պետք է իրենց տեղափոխի, կրկնում եմ՝ չոքած պետք է ներողություն խնդրի, ի վերջո, մարդը տան վկայագիր ունի՝ պետության կողմից։ Դուք պետություն ե՞ք, թե ինչ-որ թափառախումբ։ Ո՞վ եք դուք։ Սյունիքը բացահայտեց այսօրվա ուղղակի խայտառակ վիճակը, որում գտնվում է ՀՀ-ն՛՛,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը:

Նա անդրադարձավ նաեւ այն դիտարկմանը, թե այժմ Սյունիքի ամենամեծ կոմբինատը հայտնվել է փակվելու վտանգի առաջ, տնտեսապես մարզը թուլացնլու միտումներ են նկատվում, արդյոք այստեղ չկա՞ Սյունիքը հայաթափելու հեռահար նպատակ:

Այս առնչությամբ Քոչարյանն ասաց. ՛՛Հետո էլ ասեն՝ դժգույն, դժբախտ Սյունիքն ում էր պետք։ Ամեն ինչ սպասելի է այս իշխանությունից։ Երբ նպատակները, քայլերը անկանխատեսելի են, եւ չես կարողանում քո ազգային շահերի տեսանկյունից այդ տրամաբանական շղթան կառուցել, ամեն ինչ հնարավոր է։ Բայց նաեւ չեմ ուզում այդ կոնսպիրոլոգիայի դաշտ մտնել, երբ կասկածամտությունը մարդու գլխի մեջ է մտնում, սկսում է որդի պես անընդհատ քայքայել։ Իսկ եթե ազգի գիտակցության մեջ է դա սկսում մտնել, ուղղակի ազգն է քայքայելու։

Եվ տպավորություն է, որ սա մեր հայ ժողովրդին քայքայելու եւս մեկ գործիք է։ Չբացատրել, տրամաբանական շղթա փնտրողներին այնպիսի վիճակի մեջ դնել, որ մարդիկ տարակուսում են՝ այս ինչ է կատարվում, ինչի համար է այս քայլն արվում կամ այն քայլն արվում, եւ կասկածամտության այդ որդը մտցնում են մարդկանց ուղեղի մեջ։ Դա նույնիսկ ավելի վտանգավոր բան է, քան պատերազմում ինչ-որ բան թաքցնելը։ Երկարատեւ առումով, սա ազգը քայքայելու գործոն է դառնում՛՛։

Խոսելով այն մասին, որ ՛՛Սյունիքից հանձնվել են միայն այն հատվածերը, որոնք գրավել էին Քոչարյանը եւ մինչեւ 2018-ը հերոս համարվողները, բայց Սյունիքից ոչ մի միլիմետր չի հանձնվել՝

Ռոբերտ Քոչարյանն ասաց․ ՛՛Բռա՛վո, եթե այդ մարդիկ կարողանում են արտահայտվել նման կերպ, հետո հանգիստ փողոց դուրս գալ, աշխատանքի գնալ, շփվել հարեւանների հետ, հարցազրույցներ տալ, ուրեմն մենք՝ որպես ազգ, գոյատեւելու, ուժեղանալու ներքին ռեսուրս չունենք։

Կարող են լինել մարդիկ, որ այդպիսի մտքեր են արտահայտում, բայց նրանք այս երկրում պետք է լուսանցքում հայտնվեն։ Մարդիկ ուղղակի պետք է մերժեն նման կարգի մտածելակերպն ընդհանրապես։ Մենք շագրենի կաշվի պես ուղղակի փոքրանալու ենք՛՛։

 

  • Կիսվել: