ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այդ ո՞նց ստացվեց, որ նախկին նախագահները հիմա Բաքվում են, իսկ պարոն Շահրամանյանը բարեհաջող կամուրջը անցավ. Քոչարյան

Այդ ո՞նց ստացվեց, որ նախկին նախագահները հիմա Բաքվում են, իսկ պարոն Շահրամանյանը բարեհաջող կամուրջը անցավ. Քոչարյան

Այն, ինչ արվեց Արցախում մինչեւ հայաթափումը, դրա համար պետք է պատասխան տան այն մարդիկ, որոնցից պահանջում է նաեւ Հայաստանում գտնվողն արցախահայությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Դիտարկմանը, որ 2021-ի ընտրություններից առաջ ՔՊ-ն հայտարարել էր, որ Արցախի անվտանգության երաշխավորը պետք է լինի, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Արվել է հնարավոր ամեն ինչ: Թե ինչ ստացվեց արդյունքում եւ ինչու չստացվեցին այն նպատակները, որոնք արձանագրված էին ծրագրերում, դա ուրիշ հարց է: Դրա համար ձեւավորվում են հանձնաժողովներ, որոնք ուսումնասիրում են: Հիմա մի հանձնաժողովի աշխատանքը չավարտած, պետք է ուզենք-չուզենք, ստեղծենք էլի մի հանձնաժողով, որ պարզենք, թե վերջին հաշվով ինչ ստորագրվեց, ում կողմից թելադրվեց, շպառգալկեն ով ստացավ, ինչ էր գրված այդտեղ եւ արդյունքը այն է, որ այս պահին Արցախը հայաթափված է: Բայց արդյոք դա հեռանկարի զրկում է: Հեռանկարից զրկում է այն, որ այն մարդը, որ 22 ձայնով վերցրել էր պատասխանատվություն, երդվել էր Արցախի Սահմանադրության վրա: Նա այդ պարտականությունները չկատարեց, դեռ հիմա էլ Հայաստան տեղափոխվելուց հետո ասում է՝ այդպիսի թուղթ չկա: Բա եթե չկա, ես հարց եմ հնչեցնում, այդ դեպքում ինչու ինքը Արցախում չի: Այդ ո՞նց ստացվեց, որ նախկին նախագահները հիմա Բաքվում են, պարոն Շահրամանյանը բարեհաջող, չգիտեմ՝ ինչ ճանապարհով, կարծում եմ՝ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ կամուրջը անցավ եւ հիմա գտնվում է այստեղ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Սամվել Բաբայանը եւս անցել է Արցախից Հայաստան, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Սամվել Բաբայանը բացատրել է՝ ոնց է անցել, նաեւ անցել են ՊԲ-ի բազմաթիվ զինվորներ, հրամանատարներ»:

  • Կիսվել: