երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավինյանի «ուրարտական» երդմնակալության համար երևանցիների գրպանից հափշտակվել է ավելի քան 87 մլն դրամ. Գրիգորի Երիցյան

Ավինյանի «ուրարտական» երդմնակալության համար երևանցիների գրպանից հափշտակվել է ավելի քան 87 մլն դրամ. Գրիգորի Երիցյան

Երևանի ավագանու այսօրվա՝ հոկտեմբերի 26-ի արտահերթ նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանը մեկ անձից գնումով երևանցիների գրպանից  հափշտակել է ավելի քան 87 միլիոն դրամ նոր քաղաքապետի  «ուրարտական» երդմնակալությունը, ավելի ճիշտ՝ ավագանու հատուկ նիստը կազմակերպելու համար,  որն անցել է  քվորումի բացակայության պայմաններում,  ուրեմն՝ իրավազոր համարվել չի կարող։

«Ստացվում է, որ երևանիցների ընդամենը  32 տոկոսի քվեն ստացած քաղաքապետի երդմնակալության համար մեր գրպանից  ծախսվել է շուրջ 100 անգամ ավելի, քան 2018-ին 82 տոկոս  վստահություն ստացած քաղաքապետի երդմնակալության համար։ Այս չհիմնավորված և ավելորդ ծախսը կատարվել է այն հումանիտար աղետի օրերին, երբ միայն Երևանում ապաստանել է  35 հազար բռնի տեղահանված անձ Արցախից, երբ միջազգային  հանրությունը ֆինանսական միջոցներ է տրամադրում Հայաստանին  այս  ճգնաժամը մեղմելու համար»,- ասաց նա։

Գրիգորի Երիցյանը շարունակեց. «Եթե դուք այսքան առատաձեռն եք, խնդրում եմ հստակ նշել, թե մինչ օրս Երևանի քաղաքապետարանը որքա՞ն գումար է  տրամադրել Երևանում ապաստանած արցախիցների կարքիների լուծմանը, ի՞նչ խնդիրների ու կարիքների լուծման է տրամադրել, եթե,  իհարկե, տրամադրվել է»։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հոկտեմբերի 10-ին քվորումի պայմաններում, նիստի իրավազորության պայմաններում Երևանի ավագանին ընտրել է Երևանի քաղաքապետ, հոկտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետը, օրենքի համաձայն, երդում է տվել երևանցիների առաջ։

«Իսկ քվորումն ու առհասարակ իրավազորության հարցերը, քվորումի անհրաժեշտությունը կարող է քննարկվել միայն այն  նիստերի դեպքում, երբ ավագանին կարող է որոշում  կայացնել կամ լիազորություն իրականացնել որպես մարմին։ Իսկ հոկտեմբերի 13-ի նիստը զուտ արարողակարգային էր, որևէ որոշման ընդունման հարց չկար։ Այնպես որ, այս հարցն արհեստական է, իրապես»,- ասաց Ավինյանը։

Ինչ վերաբերում է  ԼՂ բռնի տեղահանված անձանց հետ կապված ծրագրերին,  քաղաքապետը նշեց, որ Երևանի քաղաքապետարանն ամենաինտենսիվ կերպով, սկսած այդ անձանց տեղափոխման հարցից, ունեցել է ամենաակտիվ մասնակցությունը. «Այդ աշխատանքները, սկսած հենց տեղափոխումից, մինչ օրս Երևանի քաղաքապետարանը շարունակում է»։

  • Կիսվել: