կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Ավիափոխադրումները մարշրուտկայով մարդ տեղափոխել չի. Ավինյանը խոսեց «Տարոն ավիայի» հեռանալուց

Ավիափոխադրումները մարշրուտկայով մարդ տեղափոխել չի. Ավինյանը խոսեց «Տարոն ավիայի» հեռանալուց

«Տարոն Ավիան» ունեցել է խնդիր եվրոպական ավիացիոն կառույցներից մեկի հետ և չի անցել որոշակի ստանդարտներով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` անդրադառնալով «Տարոն ավիա» ընկերության` հայկական շուկայից դուրս գալուն ու Աֆրիկայում գործունեություն սկսելուն:

Փոխվարչապետը շեշտեց, որ Հայաստանը չի կարող նպաստավոր լինել ընկերությունների համար, որոնք չեն ուզում առաջնորդվել միջազգային ստանդարտներով ու կանոններով:

«Ավիափոխադրումները մարշրուտկայով մարդ տեղափոխել չի: Իհարկե, մենք հիմա քննարկում ենք նաև մարշրուտկաների՝ «ԳԱԶԵԼ»-ների հարցը, և բավական ինչտենսիվ աշխատանք ենք տանում քաղաքապետարանի հետ»,-ասաց փոխվարչապետը:

Նա պարզաբանեց. « «Տարոն Ավիան» ունեցել է խնդիր եվրոպական ավիացիոն կառույցներից մեկի հետ և չի անցել որոշակի ստանդարտներով: Մեր եվրոպացի գործընկերներն են մեզ տեղեկացրել, որ որոշակի ստանդարտներին չի համապատասխանում և խնդրահարույց են թռիչքները: Մենք բոլոր ուղղություններով խստացնում ենք մեր պահանջները»:

Ավինյանը նշեց. «Ցավալի է, որ հայկական ընկերությունը ստիպված է դուրս գալ շուկայից, բայց եթե մենք խոսում ենք թռիչքների անվտանգության մասին, դա պետք է լինի մեր գերակայությունը և այստեղ զիջելու տեղ էլ չունենք»:

  • Կիսվել: