երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
AstraZeneca պատվաստանյութ այս պահին դեռ չունենք. առողջապահության նախարար

AstraZeneca պատվաստանյութ այս պահին դեռ չունենք. առողջապահության նախարար

Մի շարք երկրներ AstraZeneca պատվաստանյութի որոշ խմբաքանակների օգտագործումը կասեցրել են, որպեսզի մասնագիտական հանձնաժողովները պարզեն՝ արդյոք պատվաստումից հետո քաղաքացիների մոտ ի հայտ եկած կողմնակի երևույթները կապվա՞ծ են պատվաստանյութի հետ, թե՞ ոչ: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:  

«Մենք ուշադիր հետևում ենք և կապի մեջ ենք, և երբ լինի գնահատականը, պատճառահետևանքային կապը, մենք էլ միջոցներ կձեռնարկենք ապագայում պատվաստանյութի ձեռքբերման բանակցությունների առումով»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ այս պահին Հայաստանում չի օգտագործվում AstraZeneca պատվաստանյութ:

«Այս պահին AstraZeneca չունենք, որ կասեցնենք օգտագործումը, սպասում ենք մասնագիտական հանձնաժողովի կարծիքներին: Հիմա վարում ենք բանակցություններ այդ պատվաստանյութի ձեռքբերման ուղղությամբ և հիմնվելու ենք միջազգային կառույցների կարծիքների վրա: Բացի AstraZeneca-ից՝ ունենալու ենք նաև այլ պատվաստանյութեր»,- ասաց Ավանեսյանը: 

Նախարարը հայտնեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում արդեն սկսվել են, դրանք իրականացվում ենք ռիսկի խմբի քաղաքացիների և բուժաշխատողների փոքր խմբի շրջանում: Այս պահին, Ավանեսյանի խոսքով, պատվաստումները կատարվում են միայն «Սպուտնիկ V» պատվաստանյութով:  

«Մենք մշտական կապի մեջ ենք պատվաստված քաղաքացիների հետ և հետպատվաստումային վերահսկողություն ենք իրականացնում: Այս փուլում որևէ արտառոց դեպք, սուր կողմնակի երևույթ չենք գրանցել»,- ընդգծեց նա: 

Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ կորոնավիրուսի վարակի աճի պայմաններում հիվանդանոցներում ավելացվել է մահճակալային ֆոնդը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: