հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արտակարգ դրության համար հիմք համարվող ռիսկերը չեն վերացել՝ 546 անձ ծանր վիճակում է, 111-ը՝ ծայրահեղ ծանր․ Ավինյան

Արտակարգ դրության համար հիմք համարվող ռիսկերը չեն վերացել՝ 546 անձ ծանր վիճակում է, 111-ը՝ ծայրահեղ ծանր․ Ավինյան

Կառավարությունն առաջարկում է Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով երկարաձգել: Այդ կապակցությամբ Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ասաց, որ երկրում արտակարգ դրության համար հիմք հանդիսացող ռիսկերը չեզոքացված չեն։

«Ներկա դրությամբ համավարակի հետ կապված իրավիճակը մնում է մտահոգիչ, սակայն նաև կառավարելի առողջապահական սպասարկման տեսանկյունից։ Միաժամանակ, առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի, դեռևս հնարավոր չի լինի սահմանել և վերահսկել գործող սանիտարական, հակահամաճարակային և այլ կանոնների պահպանումը։ Մեծ են ակնկալիքները, որ արտակարգ դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինելու։ Ներկայումս դիտարկում ենք արտակագ իրավիճակներում բնակչության պաշտպանության և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված օրենսդրական փոփոխությունների հնարավորությունը՝ ներդնելով այնպիսի կառուցակարգեր, որոնք հնարավորություն կտան կարանտինային հատուկ միջոցառումների արդյունավետ կազմակերպման նպատակով կիրառել այնպիսի գործիքներ՝ ներառյալ սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ և բավարար կլինեն վարակի տարածումը կախարգելելու համար։ Այդուհանդերձ, պետք է նաև հաշվի առնել, որ նույնիսկ այդ պարագայում հնարավոր չի լինելու արտակարգ դրության ժամանակ կիրառվող բոլոր գործիքների օգտագործումը ներկայիս ծավալով։ Հետևապես, ներկա կարգավորումների մասով ընտրությունը կրկին կախված է լինելու համավարակի զարգացման դինամիկայից»,- ասաց Ավինյանը։

Պարետի խոսքով, այսօրվա դրությամբ հաստատված կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 32 151-ի, որից փաստացի բուժում է ստանում 11 530 պացիենտ։

«Ունենք մոտ 20 հազար առողջացածներ, և ցավոք, այս ընթացքում ունենք կորոնավիրուսից մահվան 573 դեպք։ Հուլիսի 12-ի դրությամբ փաստացի բուժում ստացողներից 546-ը գտնվում է ծանր վիճակում, 111-ը՝ ծայրահեղ ծանր, իսկ թոքերի օդափոխման սարքին է միացված 43 պացիենտ։ Տնային հսկողության տակ գտնվող պացիենտների թիվը գտնվում է  մոտ 10 հազարի շրջանում»,- հավելեց Տիգրան Ավինյանը։

Նա նաև ընդգծեց, որ այս պահին առողջապահական համակարգի հնարավորություններն ու կարողություները պատշաճ են՝ իրավիճակին համարժեք արձագանքելու տեսանկյունից։

  • Կիսվել: