ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Հանրապետության նախագահը նշել է, որ Ճապոնիայի հետ հարաբերությունների զարգացումը մեր երկրի առաջնահերթություններից է:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ջուն Յամադան տեղեկացրել է, որ ճապոնացի գործարարների պատվիրակության երևանյան այցին ընդառաջ՝ ներկայում իրականացվում են ակտիվ կազմակերպչական աշխատանքներ:

Ճապոնական ընկերությունների ներկայացուցիչների՝ Հայաստան այցելելու հնարավորությունը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը քննարկել էր Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ անցյալ տարի աշնանը Տոկիոյում կայացած հանդիպման ժամանակ։

Նախագահ Սարգսյանը մեր երկրում Ճապոնիայի դեսպանին ասել է, որ պատրաստ է հանդիպել ճապոնացի գործարարներին և քննարկել համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, նորարարության, կրթության ոլորտներում, ինչպես նաև նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջուկային անվտանգության, սննդի արդյունաբերության ոլորտներում փոխգործակցության ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելուն: 

  • Կիսվել: