երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արմեն Սարգսյանի վերաբերյալ քրգործով Արմեն Սարգսյանը չի անցնում․ «Հրապարակ»

Արմեն Սարգսյանի վերաբերյալ քրգործով Արմեն Սարգսյանը չի անցնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս 2021 թվականի սկզբին ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում։

Հաղորդումը ներկայացրել էր Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, շուրջ 50 փաստաբան միացել էր նրան։

Ըստ դիմումի՝ Արմեն Սարգսյանը, 2018 թվականին դառնալով ՀՀ նախագահ, նույն ժամանակահատվածում եղել է նաեւ Մեծ Բրիտանիայի քաղաքացի, մինչդեռ Սահմանադրության 124-րդ հոդվածը սահմանում է, որ «Հայաստանի նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը»։

ԱԱԾ-ում հարուցված այդ գործը հանգուցալուծում չունեցավ, Արմեն Սարգսյանն այդ գործով նույնիսկ չէր էլ հարցաքննվել։ 2022 թվականի հունվարին Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց նախագահի պաշտոնից, եւ նրա հրաժարականից օրեր անց հայտնի դարձավ, որ նա եկամուտների հայտարարագրում ինչ-որ խնդիրներ ունի եւ ժամանակին եղել է Կարիբյան ծովում գտնվող մի կղզի- պետության՝ Սենթ Քիթս եւ Նեւիսի քաղաքացի, որի քաղաքացիությունը դադարեցված չէ։

Աղմուկին ինքը` Արմեն Սարգսյանն էլ արձագանքեց՝ ասելով, որ ներդրումներ է կատարել այդ կղզում, ինչի հետեւանքով մեխանիկորեն դարձել է այդ գաճաճ-պետության քաղաքացի, ինչի մասին տեղյակ չի եղել:

Մենք փորձեցինք հասկանալ, թե այս բոլոր մեղադրանքների հետ կապված ինչ քննություն են կատարել ՀՀ իրավապահները եւ ինչ են հայտնաբերել: ԱԱԾ-ից գրավոր հարցմամբ խնդրեցինք պարզաբանել, թե ինչ փուլում է նախկին նախագահի երկքաղաքացիության առթիվ հարուցված քրեական գործը, արդյոք նա այդ գործով ունի՞ քրեադատավարական կարգավիճակ եւ արդյոք հարցաքննվե՞լ է։

ԱԱԾ-ից, սակայն, պատասխանեցին, որ գործն այլեւս իրենց վարույթում չէ, այն կասեցումից հետո վերսկսվել է ու փոխանցվել ՀՀ Քննչական կոմիտեին։ «Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրավունք վերապահող, պաշտոնական այլ փաստաթուղթ ենթադրաբար կեղծելու եւ օգտագործելու դեպքի առթիվ նախաձեռնված թիվ 61202621 կասեցված քրեական վարույթը վերսկսվել է, եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է ԱԱԾ-ի պատասխանում։

Գլխավոր դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ նշված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ վարույթային գործողություններ։

Դատախազությունից հայտնեցին նաեւ, որ Արմեն Սարգսյանն այդ վարույթով քրեադատավարական որեւէ կարգավիճակ չունի, այսինքն՝ ո՛չ մեղադրյալ է, ո՛չ վկա։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է այսքան ժամանակ գործը քննվել, սակայն անձը, որին այն վերաբերում է, նույնիսկ վկայի կարգավիճակ չունենա։ Այդ դեպքում ի՞նչ «վարույթային գործողություններ» են իրականացված նախաքննության շրջանակներում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: