հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արման Եղոյանը տեսակապով հանդիպում է ունեցել ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահի հետ

Արման Եղոյանը տեսակապով հանդիպում է ունեցել ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահի հետ

Հունվարի 26-ին, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Արման Եղոյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի հետ։
 
Արման Եղոյանը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմական իրադրությունը՝ հատուկ շեշտելով Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության 8-րդ կետի ոչ ամբողջական կատարումը, որով նախատեսվում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու զոհվածների դիակների փոխանակում:
 
Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ադրբեջանական կողմից վերոհիշյալ դրույթի իրականացումից հրաժարումը միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում է: Կողմերը հատուկ անդրադարձել են տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերին։ Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ խնդիրներին։
 
 
 
 

  • Կիսվել: