հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
 Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտության ոլորտում կրկին ակտուալ հասկացություն է դառնում «ետխորհրդային տարածքը»․ Արամ Սաֆարյան

Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտության ոլորտում կրկին ակտուալ հասկացություն է դառնում «ետխորհրդային տարածքը»․ Արամ Սաֆարյան

Հայաստանի տնտեսության վերջին տարիների ձեռքբերումները հաստատում են Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար մասնագետների կանխատեսումներն այն մասին, որ մեր երկիրը զգալի օգուտներ կստանա եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացում ակտիվ և կառուցողական մասնակցություն ունենալուց: Այդ մասին Ագրարային համալսարանում «Հայաստանը և եվրասիական ինտեգրման զարգացման հիմնական ուղղությունները տեսանելի հեռանկարում» թեմայով դասախոսության ժամանակ ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ  Սաֆարյանը։

Ըստ նրա՝ այդ իմաստով արդարացել են նաև հայաստանյան հասարակության մեծամասնության սպասումները, որը վերջին տասը տարում պաշտպանում էր Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին և հետևողականորեն հանդես էր գալիս Ռուսաստանի` եվրասիական ինտեգրացիոն գործընթացի լոկոմոտիվի հետ մեր երկրի ակտիվ համագործակցության օգտին: «Ճիշտ է, վերջին երկու տարում Ռուսաստանի հետ դաշինքի և ինտեգրման կողմնակիցների թիվը որոշ չափով նվազել է, քան հինգ կամ տասը տարի առաջ: Դա հետևանք է այն բանի, որ ինտեգրացիոն գործընթացը չի հավաքում այն հզոր և արագ պտույտը, որը կցանկանար տեսնել հայ հասարակության մեծ մասը: Սակայն մեր սոցիոլոգները համոզված բացատրում են, որ ԵԱՏՄ շրջանակներում համապարփակ ինտեգրման կողմնակիցների թիվը նորից կարող է կտրուկ աճել, եթե Ռուսաստանը և նրա տնտեսական դաշնակիցները որոշեն առաջ մղել ինտեգրումը ավելի մեծ տեմպերով»,- համոզված է Սաֆարյանը:

Ըստ նրա՝ կարևոր է հասկանալ, որ գլոբալ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտության ոլորտում կրկին ակտուալ հասկացություն է դառնում «ետխորհրդային տարածքը»: «Կյանքը ցույց է տալիս ընդհանուր տնտեսական տարածքի և, ինչը ոչ պակաս արժեքավոր է, ընդհանուր քաղաքակրթական տարածքի պաշտպանության և հետագա զարգացման կենսական անհրաժեշտությունը»,- նշում է փորձագետը:

Սաֆարյանը ընդգծում է, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերը: «Ռուսաստանին է բաժին հասնում մեր երկրի ամբողջ արտաքին տնտեսական շրջանառության 49% 2022թ. արդյունքներով: Ռուսաստանի հավաքական ներդրումային փաթեթը Հայաստանում կազմում է 2 մլր դոլար: Ռուսաստանը հանդիսանում է հայկական պատրաստի արտադրանքի սպառման խոշորագույն շուկան: Ռուսաստանի այդ դերի շնորհիվ հաջողությամբ շարունակվում է հայկական արտահանման ցանկի դիվերսիֆիկացիան: Մեր առաջատար տնտեսագետները պնդում են, որ այդ դիվերսիֆիկացիայի գործընթացը մոտակա տարիներին կրելու է շարունակական բնույթ և ամենաբարեբեր կերպով կազդի ամբողջությամբ վերցրած հայկական տնտեսության զարգացման վրա»,- նկատում է նա:

Ըստ նրա՝ 2023թ. կեսերին, համաձայն հեղինակավոր փորձագետների կանխատեսումների,  կարող է լինել նոր ռեցեսիա և աշխարհի տնտեսությունների մեծ մասը կարձանագրի տնտեսական զարգացման ծավալների անկում: «Սակայն մեր երկիրը 2023 թվականին (համենայն դեպս առաջին կեսին) կարձանագրի տնտեսական զարգացման աճի շարունակություն: Ինչ վերաբերում է տարվա կանխատեսումներին, ապա Եվրասիական փորձագիտական ակումբը համոզված պնդում է, որ նույնիսկ առկա տնտեսական, քաղաքական և սոցիալական իրողություններում մերօրյա Հայաստանում կարելի է ակնկալել տնտեսական ակտիվության 5-6 տոկոսանոց աճ և ՀՆԱ-ի աճ այս տարվա արդյունքում: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը հետևի բիզնես-մթնոլորտի առողջացմանը երկրում և ամեն կերպ աջակցի այն մեծ, միջին և փոքր ներդրողներին, որոնք որոշել են աշխատել Հայաստանում: Մեր երկրում կառավարման մտածված կազմակերպման պարագայում կարելի է ստեղծել մի մթնոլորտ, որտեղ նույնիսկ ռուսաստանյան ներդրումների մեծամասնության վերադարձից, Ուկրայինայում հակամարտության ավարտից հետո կշարունակվեն տնտեսական աճի և տնտեսական առողջացման դրսևորված միտումները»,- համոզված է փորձագետը:

Նա նաև ընդգծում է, որ եթե ետհամավարակային առողջացման գործընթացները տնտեսության մեջ շարունակական բնույթ ստանան, ապա 5-7 տարի հետո մենք կունենանք որակապես նոր տնտեսական վիճակ մեր երկրում:

«Մենք` Եվրասիական փորձագիտական ակումբի գիտնականներն ու փորձագետներս կոչ ենք անում չքանդել և վնաս չտալ եվրասիական տարածքին, այլ մտածել նրա ամրապնդման շատ կարևոր գործընթացին կառուցողական մասնակցության մասին: Հայաստանի աշխարհագրական դիրքը, նրա պատմությունը, քաղաքակրթական հիմքերը թելադրում են հմտորեն համատեղել արտաքին քաղաքական վեկտորներն այնպես, որ պայմաններ ստեղծվեն հայկական ազգային բնավորության լավագույն գծերի դրսևորման համար»- եզրափակեց Արամ Սաֆարյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: