երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արդյոք Սամվել Բաբայանի ներկայությունը միայն անձնական է, թե՞ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ որոշակի պայմանավորվածություններ կան․ Վարդանյան

Արդյոք Սամվել Բաբայանի ներկայությունը միայն անձնական է, թե՞ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ որոշակի պայմանավորվածություններ կան․ Վարդանյան

 Առաջին պատերազմի ժամանակ մեծ դերակատարություն է ունեցել Սամվել Բաբայանը, բայց դրանից հետո իր գործունեությունն Արցախում,  Արցախի երկրորդ եւ երրորդ նախագահների ժամանակ, բոլորովին այլ ուղղությամբ է գնացել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը և հավելեց, որ մութ է, թե Սամվել Բաբայանն այսօր ինչ է անում Արցախում եւ ինչ հավակնություններ ունի:

«Հիմա նաեւ սահմանադրական փոփոխություն կա Արցախում, որ ԱԺ-ն արտակարգ իրավիճակում կարողանա  նախագահ ընտրել: Արցախի ԱԺ կազմը դուք գիտեք, արդյոք Սամվել Բաբայանի ներկայությունն այնտեղ այդ քվեարկությունը ապահովելն է Արայիկ Հարությունյանի հետ միասին: Արդյոք Սամվել Բաբայանի ներկայությունը միայն անձնական է, թե՞ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ որոշակի պայմանավորվածություններ կան:

Բայց ամեն ինչին պետք է նայենք արդյունքի տեսանկյունից. Ռուբեն Վարդանյանի հրաժարականից հետո ինչ է լինելու Արցախում, Վարդանյանն ինչպե՞ս է դիրքավորվելու: Մի վտանգավոր բանի մասին կուզեմ ասել. Արցախում սկսել են  դերակատարության ինչ-որ բաներ վերցնել իրենց վրա ինչ-որ ՀԿ-ների ներկայացուցիչներ, քաղաքացիական ակտիվիստներ, երբ Արցախում այսօր պետք է կուռ, միասնական  ղեկավարություն լինի»,-ասաց Աղվան Վարդանյանը:

Անդրադառնալով Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե Արցախը պետք է երկխոսի Ադրբեջանի հետ, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Սամվել Բաբայանը նաեւ ասել էր՝ թող Ադրբեջանը բանակցի Արցախից նրա հետ, ում հետ ճիշտ է համարում: Սա եւս թեական մոտեցում է, ոչ ճիշտ մոտեցում է: Ադրբեջանը չպետք է որոշի, թե ում հետ բանակցի, ճիշտ կլինի, որ Արցախը կարողանա ինքը որոշել, թե ով է խոսելու: Սա հարցի մի կողմն է: Հայաստանը հետեւողականորեն առաջ է տանում, որ մենք կապ չունենք, մենք չենք խառնվում, դա մեզ չի վերաբերում, Արցախը Ադրբեջանի մաս է, թող Արցախն ու Ադրբեջանը խոսեն, սա եւս բերում է այսպիսի իրավիճակի: Այսինքն բուն խնդիրը ՀՀ իշխանություններն են, Արցախում ստեղծված իրավիճակի պատասխանատուն դարձյալ ՀՀ իշխանություններն են»:

  • Կիսվել: